Արդեն մի քանի ժամ է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Գեղանիստ գյուղում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դատական ակտերի հարկադիր կատարման մի խումբ աշխատակիցներ այցելել են նշված գյուղի 2-րդ փողոցի 21 տուն և փորձում են մարդկանց վտարել իրենց տանից։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում, նշված տան բնակիչներ, ամուսիններ՝ 49-ամյա Սամվել Գաբրիելյանի և 44-ամյա Արմինե Գաբրիելյանի հարևաններն ասում էին․
«Առավոտ շուտ, առանց դատարանի վերջնական որոշմանն սպասելու, հարկադիր կատարողները ներխուժել են էս մարդկանց տուն ու ասում են, թե կատարում ենք օրինական գործողություն, տան ողջ նաֆարով պետք է դուրս գան տարածքից, քանի որ տունը աճուրդով վաճառվել է։
Ու հիմա գնորդը, ով այլ երկրի քաղաքացի է, պահանջել է, որպեսզի վտարումը կատարեն։ Ո՞վ է տեսել՝ մինչև դատարանների վերջնական վճռի կայացումը, մարդկանց դիվադադար անեն, տանից հանեն ու նետեն փողոց։ Հետո էլ ասում են՝ իրավիճակ է փոխվել։ Նախկինում, երևի, նման բան չէր կատարվի մինչև դատարանի որոշումը։
Իսկ հիմա հարկադիր կատարողները եկել ու իրենցն են պնդում։ Մարդիկ ինչ են ուզում՝ սպասեն մինչև դատարանի վերջնական որոշումը, ու դատարանը ինչ որոշի՝ էդ էլ անելու են»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ս․ Գաբրիելյանը համագյուղացիներից մեկին 1 միլիոն 800 հազար դրամ գումար է պարտք եղել։ Ու պարտքատերը դիմել է դատարան, ու հայտարարվել է տան վաճառքի աճուրդ։
Չգիտես ինչու, աճուրդի մասին տան տերերին չեն տեղեկացրել։ Եվ գնորդը, ով ըստ հավաքավածների՝ իրանցի է, մասնակցել է աճուրդին և գնել է տունը (ըստ հարևանների պատմածի՝ ջրի գնով)։ Ու այսօր եկել են վտարումն իրականացնեն, սակայն հանդիպել են դիմադրության ոչ միայն տան անդամների կողմից, այլ նաև հարևանների ու համագյուղացիների։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, սակայն նրանք չեն խառնվում պրոցեսներին, այլ պարզապես հետևում են, որպեսզի բանը ձեռնամարտի չհասնի։ Գյուղացիները խնդրում են պատկան մարմիններին, որպեսզի հնարավորություն տան Գաբրիելյանների ընտանիքին՝ պարտապանի հետ հայտարարի գան ու վճարեն մայր գումարը, որպեսզի ընտանիքը չհայտնվի փողոցում, որի անդամներից 2-ը հաշմանդամ են։
Գումարած դրան էլ՝ որդին մի քանի օր առաջ է զորակոչվել բանակ և ծառայության է անցել Արցախի Հանրապետության «Եղնիկներ» լեգենդար զորամասում։ Հարևաններն ասում էին նաև, որ «վախենում ենք երեխուն ասենք, որ քո բանակ գնալուց հետո ընտանիքդ դառնում է թափառական, որ էլ գլխներին ծածկ չեն ունենալու»։
Այս պահին աճուրդով տունը գնած գնորդն ու նրա փաստաբանը, ովքեր առավոտյան ԴԱՀԿ-ի հետ այցելել են նշված հասցե, հեռացել են, սակայն ԴԱՀԿ-ն դեռևս գտնվում է Գաբրիելյանների տանը։ Բնակիչները պատրաստ են մինչև վերջ կանգնել իրենց համագյուղացու թիկունքին և հուսով են, որ պատկան մարմինները նույնպես անօգնական չեն թողնի Գաբրիելյանների ընտանիքին։