ՀՀ ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել, ըստ որոնց՝ Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության «Գյումրի 2» տարածքային բաժնի տեսուչներից մեկը մի կնոջ նպաստառուների ցուցակում ընդգրկելու, իսկ հետագայում նպաստից չզրկելու համար 2017-2018 թվականների ընթացքում պահանջել ու ստացել է ընդհանուր 63 հազար դրամ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն կնոջը 2019 թվականի նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար էլ տեսուչը պահանջել է երկու ամսվա նպաստի գումարը’ ընդհանուր 56 հազար դրամ։
Հուլիսի 22-ին ոստիկանության ծառայողներն իրականացրել են օպերատիվ-հետախուզական հատուկ միջոցառում ու պահանջած փողը վերցնելու պահին բռնել 61-ամյա աշխատակցուհուն։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են «կաշառք» գրառմամբ թղթադրամները, որոնք առգրավվել ու փաթեթավորվել են հետագա գործողությունների համար։ Աշխատակցուհին բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին։ Նա ձերբակալվել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։