Ռուս նախկին հատուկջոկատայինի սպանության գործով անցնող անձանցից մեկը կալանավորվել է Հայաստանում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Նա ձերբակալվել է մեր իրավապահ մարմինների կողմից: Մենք դիմել ենք մեր ռուս գործընկերներին, որ գործը փոխանցեն մեզ, կարողանանք քրեական հետապնդում սկսել: Անձը կալանավորված կարող է մնալ միայն 40 օր»:
Կալանավորվածի ինքնությունը Դատախազությունից դեռ չեն հրապարակում։ Ռուսական «ТАСС» լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին, հայտնում է, որ ձերբակալվածը ռուսական «Բիր Հաուս» փաբի սեփականատեր Գրիգոր Օհանյանն է, որը դեպքի հենց հաջորդ օրը լքել էր ՌԴ-ն:
Հիշեցնենք՝ հունիսի 1-ին մերձմոսկովյան Պուտիլկովո գյուղում սպանվել է ռուս նախկին հատուկջոկատային 24-ամյա Նիկիտա Բելյանկինը: Դեպքը տեղի էր ունեցել «Բիր Հաուս» փաբի մոտակայքում: Այս գործով արդեն տաս հայ է կալանավորվել, որոնցից ինը՝ Ռուսաստանում, մեկը՝ Հայաստանում:
Վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեին՝ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը տեսել էր՝ ինչպես են մի խումբ անձինք ծեծում երկու անձի: Բելյանկինը մի քանի անգամ օդ էր կրակել, սակայն դա չէր հանգստացրել խմբին, ավելին, ըստ ռուսական աղբյուրների, նրանք հարձակում են գործել 24-ամյա երիտասարդի վրա: Քաշքշուկի հետևանքով Նիկիտա Բելյանկինը դանակի մահացու հարված էր ստացել կրծքավանդակի շրջանում, ինչի հետևանքով էլ մահացել էր։