Ալեքսանդր Մյասնիկով. «Գրեթե բոլոր գովազդվող դեղամիջոցները անօգուտ են»
Advertisement 1000 x 90

Ալեքսանդր Մյասնիկով. «Գրեթե բոլոր գովազդվող դեղամիջոցները անօգուտ են»

Ալեքսանդր Մյասնիկովը բժիշկ-սրտաբան է, Ռուսաստանում ընտանեկան բժշկության ջատագովներից մեկը, Կրեմլյան հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկը։ Ներկայումս ղեկավարում է մասնավոր կլինիկա, ուր բուժվում է ռուսական բիզնես և քաղաքական սերուցքը։

Բժիշկ Մյասնիկովը բժիշկների 4-րդ սերնդի ներկայացուցիչ է, աղմուկ հանած «Ինչպես ապրել 50- ից երկար» գրքի հեղինակը, որում նա իր կարծիքն է հայտնել խորհրդային և հետխորհրդային բժշկության մի շարք հարցերի վերաբերյալ՝ ցնցելով բոլոր նրանց,ովքեր տասնամյակներով հավատում էին այն ամենին, ինչ ասում էին բժիշկները և ԶԼՄ- ների գովազդը։

Մյասնիկովը «համարձակություն» ունեցավ խոսել մինչ այդ անձեռնմխելի թեմայի՝ դեղահաբերի մասին, որոնցով բժիշկների խորհրդով, իսկ վերջին տասնամյակներին նաև ինքնուրույնաբար լցվում էին մարդկանց օրգանիզմները՝ շնորհիվ լայնամասշտաբ գովազդային արշավների։

Մյասնիկովը վստահեցնում է, որ գրեթե բոլոր գովազդվող դեղամիջոցները ոչ միայն որևէ օգուտ չեն տալիս, այլև երբեմն նույնիսկ կարող են վնասակար լինել առողջության համար։

Այս բիզնեսի հաջողության համար օգտագործվում են բոլոր միջոցները՝ ներառյալ ամենաաշխատողը՝ մարդկային պարզ ցանկությունը՝ ապրել երկար և առողջ՝ ոչինչ չանելով, ընդունելով միայն դեղահաբեր։

Լայնամասշտաբ գովազդային արշավի ժամանակ չեն հաստատվում այդ դեղահաբերի առողջարար հատկությունները. միայն խոսվում է ներդրված գումարների մասշտաբների մասին, որոնք անպայմանորեն պետք է վերադարձվեն՝ միևնույն ժամանակ գերշահույթ ապահովելով։

Բժիշկ Մյասնիկովի ցնցող հայտարարություններից մեկն այն էր, հնարավոր չէ բարձրացնել իմունիտետը։ Այն, ըստ բժշկի, մարդը կամ ունի, կամ չունի։

Եթե իմունոդեֆիցիտ ի ծնե առկա է, ապա այդպիսի երեխաները հաճախ չեն ապրում մինչև հասուն տարիք և մահանում են ինֆեկցիաներից։

Իսկ եթե իմունոդեֆիցիտը ձեռքբերովի է, դա միանշանակ ՁԻԱՀ է։

Իմունիտետն ախտահարող այլ հիվանդություններ չկան։ Այդ պառճառով էլ իմունիտետ բարձրացնելու խնդիր էլ չկա։ Եվ լայնորեն գովազդվող իմունոմոդուլյատորների վրա ծախսած գումարները պարզապես օդ նետված միջոցներ են։

Նույնիսկ ՁԻԱՀ-ով հիվանդներին իմունոմոդուլյատորներ չեն տալիս։

Եվրոպական և ամերիկյան ստանդարտներով ՁԻԱՀ- ի բուժումը տարվում է հարուցիչի դեմ պայքարի ուղղությամբ։

Հիմա նորաձև է ստուգել իմունիտետը։ Եվ արդյունքում պարզվում է, որ բոլորի մոտ այն մոտ է զրոյի։

Բայց բժիշկներն անմիջապես «մխիթարում» են ստուգվողներին՝ տեղեկացնելով, որ նրանց կարող են փրկել իմունոմոդուլյատորները,որոնք ներարկումների ձևով պետք է ստանալ մի քանի շաբաթ։ Իսկ սա նշանակում է անիմաստ ծախսված հսկայական գումարներ։

Մյասնիկովը հայտարարում է, որ Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայում արդեն միանշանակ ապացուցված է, որ այս պրեպարատները էֆեկտիվ չեն, իսկ հետխորհրդային տարածքում դեռևս հավատում են իմունոմոդուլյատորներին։

Բոլոր այն փաստարկները, որ էպիդեմիաների ժամանակ ոմանք հիվանդանում են, իսկ դա նշանակում է, որ նրանց մոտ ցածր է իմունիտետը, Մյասնիկովը հերքում է՝ բացատրելով, որ դա ոչ թե իմունիտետի անկման արդյունք է, այլ օրգանիզմի պաշտպանական ռեակցիաների էֆեկտիվության նվազում։

Այն, ինչի մասին խոսում է բժիշկ Մյասնիկովը, նկարագրված է նաև Իրակլի Բուզիաշվիլիի հոդվածում։

Վերջինս վստահեցնում է, որ վեգետատիվ անոթների դիստոնիա, արգանդի վզիկի էռոզիա, դիսբակտերիոզ, օստեօխոնդրոզ, աղերի կուտակում, ավիտամինոզ և իմունոդեֆիցիտ ախտորոշումները կենսունակ են միայն նախկին ԽՍՀՄ տարածքում։

Վեգետատիվ անոթների դիստոնիա ախտորոշումը բավականին հարմար է և ծածկում է ամեն ինչ։ Եթե առկա են սրտային հաճախախփություն, սառը, խոնավ ձեռքեր, պտտվում է գլուխը, ցավում է ստամոքսը և էլի նման ախտանիշներ կան, ուրեմն վերջ։ Սա դիստոնիա է։

Սակայն բանն այն է, որ այսպիսի հիվանդություն գոյություն չունի։

Վերոնշյալ սիմպտոմները կարող են վկայել տարբեր խանգարումների մասին, և մոտեցումն էլ տարբեր պետք է լինի, այլ ոչ թե ասվի, որ մեղավորը նյարդերն են կամ՝ հանգիստ եղեք, կանցնի։

Որպես կանոն՝ նման գանգատների դեպքում ախտորոշվում է նյարդային խանգարում, և ուրեմն «հարկավոր են» հակադեպրեսանտներ։

Եվ այսպիսով՝ ծաղկում է այս «խիստ անհրաժեշտ» հակադեպրեսանտների բիզնեսը։

Այս առևտրի մեջ, ինչպես վկայում է բժիշկը, ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են շատ բուժաշխատողներ՝ ստանալով հսկայական շահույթ այն դեպքում, երբ բուժում ընդհանրապես պետք չէ։

Նյութը հրապարակման պատրաստեց Գ. ՍԱՎԶՅԱՆԸ