
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կստեղծվի հայ- չինական համատեղ լաբորատորիա: Այս մասին մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ նշելով, որ դա կարվի Գյումրիի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի բազայի հիման վրա:
«Կան սեյսմիկ անվտանգության համաշխարհային ցանցեր: Դրանք ստեղծել են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, մենք ցանկանում ենք բոլոր ցանցերին այս կամ այն ձևով անդամակցել: Ռուսաստանի հետ շատ հաջողությամբ աշխատում ենք, այժմ էլ Չինաստանի հետ ենք համագործակցում, ստորագրել ենք հուշագիր, համաձայն որի, սեյսմիկ անվտանգության խնդիրներն ուսումնասիրող 10-ը նոր կայաններ կկառուցվեն Գյումրիում ու Սպիտակում»,-ասաց Սամվել Հարությունյանը: Համատեղ աշխատանքի շնորհիվ ստեղծվում են նաև լաբորատորիաներ: Առաջիկայում սպասվում է չինական կողմից այցելություն Հայաստան:
Գիտության կոմիտեն որոշակի քայլեր է կատարում նաև Իսրայելի հետ համագործակցության ուղղությամբ: Սամվել Հարությունյանը նշեց, որ նախատեսում են համագործակցել դեղագործության, տիեզերքի ուսումնասիրության, հայագիտության ոլորտներում: