Արման Բաբաջանյան. «Խնդիրը չափազանց լուրջ է, և հապաղելու յուրաքանչյուր օրը կարող է հերթական անդառնալի հետևանքն ունենալ»
Advertisement 1000 x 90

Արման Բաբաջանյան. «Խնդիրը չափազանց լուրջ է, և հապաղելու յուրաքանչյուր օրը կարող է հերթական անդառնալի հետևանքն ունենալ»

Բանակից ստացվող տեղեկությունները զարհուրելի են. միայն այս շաբաթվա ընթացքում մեր զինված ուժերում կատարվել է զինվորի ինքնասպանության երկու դեպք։ Դեպքեր, որոնցից յուրաքանչյուրը ավելացնում է այն վիճակագրությունը, որի համաձայն՝ բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների ու որպես դրանց հետևանք՝ ինքնասպանությունների պատճառով զոհերը շատ ավելին են, քան հակառակորդի գործողություններից սպանված զինծառայողներիթիվը։

Ոչ կանոնադրական հարաբերությունները, հասարակությունից բանակ տեղափոխվող հոռի բարքերը քաղցկեղի նման ջլատում են մեր զինված ուժերը՝ արժենալով երիտասարդ կյանքեր։ Այս երևույթների մասին հանրային-քաղաքական դիսկուրսում շատ է խոսվում, բայց իրավիճակը այդ խոսակցություններից ու քննարկումներից չի փոխվում. բանակում ինքնասպանությունների թիվը շարունակում է աճել։

Իմ գործընկեր Նարիա Զոհրաբյանն, օրինակ, առաջարկում է խստացնել զինվորին ինքնասպանության դրդելու համար գործող պատժաչափը՝ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությամբ այն 3 տարվա ազատազրկումից հասցնելով 5-7 տարվա ազատազրկման։ Առաջարկն անշուշտ կարելի է քննարկել, բայց կարծում եմ՝ միայն դա բավարար չէ և կարող է ընդամենը մեխանիկական ազդեցություն ունենալ, որովհետև եթե զինվորին ինքնասպանության դրդողին հետ չի պահում երեք տարվա ազատազրկման վտանգը, հետ չի պահելու նաև 5-7 տարվա բանտարկության վախը։

Իրականում խնդիրը շատ ավելի խորքային է ու բազմաշերտ և պահանջում է ոչ թե հատվածական, այլ համալիր, համակողմանի լուծումներ։ Այդ նպատակով առաջարկում եմ պաշտպանության նախարարությանը, Ազգային ժողովի մարդու իրավունքների հարցերով ու պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովներին, Մարդու իրավունքների պաշտպանին և բոլոր շահագրգիռ պատգամավորներին սկսել քննարկումների շարք՝ զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների և դրանց հետևանքով բանակում արձանագրվող մահվան դեպքերի ուսումնասիրության, համապատասխան հետևությունների և դրանց արդյունքում անհրաժեշտ օրենսդրաիրավական, վարչական և այլ բնույթի գործողությունների ծրագրի մշակման ու իրագործման նպատակով։

Առաջարկում եմ այդ աշխատանքները սկսել անհապաղ՝ չսպասելով Ազգային ժողովի արձակուրդի ավարտին, քանի որ խնդիրը չափազանց լուրջ է, և հապաղելու յուրաքանչյուր օրը կարող է հերթական անդառնալի հետևանքն ունենալ։

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր