Ինքնասպանության 2 դեպք միայն հուլիսին. Մարգարիտա Խաչատրյանը չի հավատում, որ ինքնասպանություն են եղել. «Փաստինֆո»
Advertisement 1000 x 90

Ինքնասպանության 2 դեպք միայն հուլիսին. Մարգարիտա Խաչատրյանը չի հավատում, որ ինքնասպանություն են եղել. «Փաստինֆո»

Հուլիսին՝ 3 օրվա ընթացքում, զինված ուժերում արձանագրվեց ինքնասպանության երկու դեպք։ Սա պաշտոնական վարկածն է: Ըստ «Փաստինֆոյի»՝ «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը չի հավատում, որ այդ դժբախտ դեպքերը ինքնասպանություն են եղել:

«Որպես որդեկորույս մայր տեղս չեմ գտնում, ինչքան կարելի է չգիտեմ: Ինձ նման մամաների թիվը գնալով ավելանում է: Համոզվում եմ նրանում, որ ո՛չ մայրերը, ո՛չ որդիները արժեք չունեն մեր պետության համար: Ես չեմ հավատում, որ այդ տղաները ինքնասպան են եղել: Տղայի դիակը բերում են տալիս մորը, մայրը բալա կանչելով մնում է, ու գիտի, որ արդեն իր որդուն պիտակավորել են որպես ինքնասպանի: Ես չեմ հավատում, 18 տարի իր տանը ինքնասպան չի եղել, բանակում ինքնասպան եղա՞վ»,-ասաց Մ.Խաչատրյանը։

Բանակում դժբախտ դեպքերը կանխելու միակ տարբերակը, ըստ նրա, փոխհարաբերությունների բարելավումն է. «Խնդրի լուծման տարբերակը բանակի բարոյահոգեբանական կյանքի բարելավումն է, մարդկային փոխհարաբերությունները, զինվոր-զինվոր, զինվոր-սպա փոխհարաբերությունները: Ոչ մի միջոցառում չի իրականացվում, ոչ մի բան չի արվում: Ասում ենք՝ բարեփոխումներ կան, առաջընթաց կա, ոչ մի բան էլ չկա: Բանակից թանկ բան մենք չունենք, մենք նենգ ու դարանակալած թշնամի ունենք, բայց ինքնասպանությո՞ւն: Ոնց տանում են, թող նենց հետ բերեն: Եթե չեն կարողանալու շտկեն զինվոր-զինվոր հարաբերությունները, թող հեռախոս չթողնեն, որ հիմա էլ հեռախոսի պատճառով իրար սպանեն: Եթե գործերը սկզբնական շրջանում բացահայտվեին, երևի հիմա էս պատկերը չունենայինք: Ինձ համար ոչինչ չի փոխվել բանակում, թող չաշխատեն մեր երեխեքի արյան գնով, թող հարցին լուծում տան, ով ուզում ա լինի, ինձ համար նշանակություն չունի»:

Մարգարիտա Խաչատրյանին մտահոգում է նաև ադրբեջանական կողմի ակտիվացումը, ասում է՝ ինժեներական աշխատանքներ են կատարում:

Հիշեցնենք՝ հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը պաշտոնական վարկածով ինքնասպան է եղել շարքային Վոլոդյա Գալոյանը: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա նախ փորձել է սպանել դիրքի ավագին, ապա՝ ինքնասպան է եղել։ Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր