Շնորհավո’ր տոնդ, «Առավոտ»….. Արմեն Դավթյան. «Արմավիր» ՔԿՀ-ի լրագրող դատապարտյալ
Advertisement 1000 x 90

Շնորհավո’ր տոնդ, «Առավոտ»….. Արմեն Դավթյան. «Արմավիր» ՔԿՀ-ի լրագրող դատապարտյալ

«Առավոտ» օրաթերթը 25 տարեկան է…

Թվում է՝ դեռ երեկ էր, երբ հաստափոր, 16 էջանոց «Առավոտ»-ին Կապանի թերթի կրպակի առաջ կանգնած սպասում էի։ Հետո փողոցում թերթում էի արագ-արագ, ծանոթանում հոդվածներին։ Սաթիկ Սեյրանյանի մեծահարուատների տների լուսանկարների շարքն եմ հիշում, Աննա Իսրայելյանի քաղաքական հոդվածները, Ռուզան Մինասյանի , Սամվել Դանիելյանի ու մյուսների հոդվածները։ Չգիտեմ ինչու Արամ Աբրահամյանը էն ժամանակ անհասանելի էր թվում, մի հետաքրքիր կերպար էր մարզում ապրող լրագրողիս համար։ Հիշում եմ՝ ընկերոջս ԱԻՄ-ական, անցած տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած քաղաքագետ Մհեր Եղիազարյանի պատմածը։Պատմում էր, որ ԱԻՄ-ի հավաքներին «Առավոտ»-ի Աննային Հայրիկյանը դուրս էր հանում ու Աննան հայտնվում էր լուսամուտի տակ կամ դռների մոտ ու հաջորդ օրը թերթում կարդում էին ԱԻՄ-ի գաղտնի հավաքի մասին։ Ու մի տեսակ ես էլ էի ուզում աշխատել առավոտցիների պես՝ համարձակ ու համառ….

Հետո ծանոթացա, ընկերացա առավոտցիների հետ։ Գլոբալ ֆոնդի ֆինասավորմամբ Կապանի պետական բժշկական քոլեջը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծըագիր էր իրականացնում։ Սյունիք գործուղված Աննա Իսրայելյանին հետաքրքրեց այս ծրագիրը, որ շրջանակներում շահառուներին նաեւ պահպանակներ էին բաժանում։ Մի չորս տուփ Աննան խնդրեց, սիրով նվիրեցինք։ Հասնելով մայրաքաղաք՝ երկու տուփ ուղարկեց «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն։ Այն ժամանակ ես ՀԺ-ի Սյունիքի թղթակիցն էի։

Ու նվերի հետ՝ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ուղղված երկտող՝« Սյունիքի թղթակիցդ ցանկացավ «Առավոտ»-ի քոքը կտրել, բայց չստացվեց…»։ Ստիպված զարմացած ու ապշահար գլխավոր խմբագրիս պատմեցի եղելությունը… Անազատության մեջ Աննա Իսրայելյանը առաջարկեց թղթակցել։ Կարծես՝ ստացվեց ու ստացվում է՝ արտահաստիքային առավոտցի….Շնորհավորում եմ բոլոր ներկա եւ նախկին առավոտցիների տոնը, մաղթում որ միշտ հետաքրքիր ու ընթերցվող լինի թե’ տպագիր «Առավոտ»-ը, ե’ւ թե առցանց «Առավոտ»-ը։

Շնորհավո’ր տոնդ, «Առավոտ»…

Արմեն Դավթյան
լրագրող
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ