Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների, ունեցվածքի հայտարարագիրը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա նախորդ տարի երկու անշարժ գույք է գնել: Ռաիսա Վարդանյանը 45 միլիոն 600 հազար դրամով՝ մոտ 95 հազար ԱՄՆ դոլար, առանձնատուն է գնել, իսկ 3 միլիոն 800 հազար դրամով մեկ հողամաս է ձեռք բերել: Նույն տարում նա 1 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլար փոխառություն է հանձնել:
2015 թվականի սկզբում նրա դրամական միջոցները հետևյալ պատկերն են ունեցել՝ 150 միլիոն դրամ, 1 միլիոն 354 հազար ԱՄՆ դոլար և 769 հազար եվրո, որոնք տարվա վերջում դարձել են 135 միլիոն դրամ և 727 հազար եվրո: Դեսպանի եկամուտները գոյացել են աշխատավարձից և փոխառությամբ տրամադրած գումարի դիմաց ստացած տոկոսներից: Մոտ 35 հազար ԱՄՆ դոլար կազմել է նրա աշխատավարձը, իսկ 34 միլիոն դրամը՝ փոխառությունից ստացած տոկոսները:
Ռաիսա Վարդանյանի նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա 2013 թվականի դրությամբ ունեցել է 5 բնակարան, 1 առանձնատուն և երկու ավտոտնակ, իսկ 2014-ին ձեռք է բերել 3 բնակարան, որոնց ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 240 հազար ԱՄՆ դոլար: Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 1 Mercedes-Benz C 180 և 1 Volkswagen Eos տեսակի ավտոմեքենա: