Կարո՞ղ ես երկիր ղեկավարել, կարճ՝ այո՞, թե՞ ոչ. hraparak.am
Advertisement 1000 x 90

Կարո՞ղ ես երկիր ղեկավարել, կարճ՝ այո՞, թե՞ ոչ. hraparak.am

Կրիտիկական զանգվածները լքել են Փաշինյանին: Սա փաստ է, որի դեմ ոչինչ անել չես կարող: Վարկանիշային բոլոր հայրենական եւ միջազգային հարթակները նույն բանն են արձանագրում, թեեւ Հայաստանում դեռ մնացել են հատուկենտ գրբացներ ու բաժակ նայողներ, որոնք պնդում են, որ Փաշինյանի վարկանիշը, ճիշտ է, իջել է, բայց ընդամենը «մկան շեռի» չափ: Անձամբ ես ո՛չ գրբացներին եմ հավատում եւ ո՛չ էլ Փաշինյանի վարկանիշը զրոյացնող հարթակներին: Ես իմ աչքերին եմ հավատում՝ իմ տեսածին:

Ըստ իս՝ Փաշինյանը, չհաշված քրոնիկ ստախոսությունը, մի այնպիսի բան չի արել, որ մարդիկ երես թեքեին նրանից: Բայց նրա նախորդները եւս քիչ չեն ստել ու խաբել ժողովրդին: Հասարակ հայաստանցին, առհասարակ, սովոր է ստին, կեղծիքին, խաբեությանը: Նա իր ողնաշարով է զգում, որ իրեն խաբում են, թլսորում, արհամարհում, կեղծ սիրաշահում, փափուկ բարձեր դնում գլխի տակ, եւ նա լավ գիտի՝ երբ պետք է, քվեի համար կսողան իր առաջ, իսկ երբ չէ՝ սապոգի տակ կտան ու կանցնեն վրայով: Ի վերջո, ստում են աշխարհի բոլոր ղեկավարներն ու իշխանությունները: Թրա՞մփը չի ստում, Պուտի՞նը, թե՞ Մահաթմա Գանդին չի ստել երբեք: Այնպես որ, ստախոսությունը չէր կարող Փաշինյանի վարկանիշն այսքան իջեցնել, եւ դրա պատճառները, իմ խորին համոզմամբ, պետք է փնտրել բոլորովին այլ տեղերում:

«Միմինո» ֆիլմը, կարծում եմ, բոլորն են հիշում: Իսկ հիմա մի պահ պատկերացրեք, որ դուք խորհրդային չափանիշներով ամենաշքեղ՝ «Ռոսիա» հյուրանոցի տնօրենն եք, եւ հանկարծ պարզվել է, որ նախապես պատվիրված համարը տրամադրել եք ոչ թե էնդոկրինոլոգ Խաչիկյանին, այլ բոլորովին պատահական մարդու, որ նույն ազգանունն ունի: Բազմաչարչար հայաստանցիների մեծ մասը սրտի տրոփյունով էր սպասում իր փրկիչ «Խաչիկյանին», բայց կարճ ժամանակ անց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանն ամենեւին էլ այն «Խաչիկյանը» չէ, որ պետք է գար ու փոխեր իր կյանքը: Բայց այստեղ մի նրբություն կա: Եթե խորհրդային հյուրանոցի տնօրինությունը երբեք չէր տեսել պրոֆեսոր Խաչիկյանին, ապա հայաստանցիները հրաշալի ճանաչում էին ընդդիմադիր լրագրող, ընդդիմադիր գործիչ, ընդդիմադիր պատգամավոր, ընդդիմադիր պանիկյոր, ընդդիմադիր դրդիչ եւ ընդդիմադիր հրահրիչ Նիկոլ Փաշինյանին: Եվ ուրեմն ի՞նչ տեղի ունեցավ, որ թվարկված հատկանիշներով օժտված մարդը դարձավ վարչապետ:

Ամբողջությամբ՝ hraparak.am