12-15 տարեկան աղջնակներն արդեն հասունության շեմին են և ուզում են գրավիչ լինել։ Նրանց մեծ մասն այդ նպատակին հասնելու համար նաև մազահեռացման տարատեսակ մեթոդների է ցանկանում դիմել։ Օր օրի սնկի պես աճող և մատչելի գնային քաղաքականություն վարող մազահեռացման կենտրոնները (էլոս, ֆոտո, լազերային, ասեղային և այլն) ի՞նչ վնաս կարող են հասցնել դեռահաս աղջիկներին։ Sputnik Արմենիան խոսել է ոլորտի մասնագետների հետ, ովքեր կիսում են մայրիկների անհանգստությունը և ահազանգում։
Բժիշկ-էնդոկրինոլոգ Սաթի Մովսիսյանը փաստում է, որ 12-13 տարեկան աղջիկների մոտ առկա են հորմոնալ լուրջ տեղաշարժեր, քանի որ օրգանիզմը վերափոխման պրոցեսի մեջ է։ Բոլոր հորմոնալ օղակները միմյանց հետ փոխկապակցված են, և չի կարելի այդ շրջանում որևէ միջամտություն անել և օրգանիզմում ընթացող պրոցեսները փոփոխությունների ենթարկել։
«Մազակալումը աղջիկների մոտ կարող է լինել հորմոնալ լուրջ պաթոլոգիայի դրսևորում։ Երեխայի մայրը նախ պետք է դիմի էնդոկրինոլոգին՝ հասկանալու համար՝ այդ անցանկալի մազերն ինչ բնույթ ունեն, արդյո՞ք դրանք օրգանիզմի առանձնահատկությունն են կամ պայմանավորված են ժառանգական տրամադրվածությամբ, թե՞ էնդոկրին խախտման դրսևորումներ են»,-ասում է բժիշկ-էնդոկրինոլոգը, հավելելով, որ էսթետիկ կողմը կնոջ համար կարևոր է, անգամ լինում են դեպքեր, երբ աղջնակի ձեռքը բռնած՝ հենց մայրն է նրան տանում մազահեռացման կենտրոն, սակայն անցանկալի մազերից չի կարելի ազատվել առանց բժշկական խորհրդատվության։
«Պետք է ծնողի մեջ մտցնել այն գիտակցումը, որ առաջնահերթը երեխայի առողջությունն է, ոչ թե էսթետիկ կողմը։ Խնդիրը պետք է լուծել, այլ ոչ թե հետևանքը վերացնել։ Ստեղծված պաթոլոգիկ վիճակն անուշադրության մատնելը հետագայում լուրջ խնդրի կարող է հանգեցնել, ինչպիսին, օրինակ, անպտղությունն է»,-նշում է Մովսիսյանը՝ հավելելով, որ հաճախ են լինում դեպքեր, երբ խնդիրը լուծելուց հետո մազակալումը վերանում է՝ մազերը թափվում են. ուղղակի պետք է համբերություն ունենալ և մտածել հետագա խնդիրներից խուսափելու մասին։
Բժիշկ-կոսմետոլոգ Մարինե Օհանյանը նշում է, որ իր պրակտիկայում եղել է դեպք, երբ մայրը 9 տարեկան աղջնակին է բերել մազահեռացման կենտրոն և պահանջել խնդիրը լուծել։ Մասնագետը դա բացատրում է նրանով, որ ծնողները հաճախ անելանելի վիճակում են հայտնվում, որովհետև իրենց երեխաներին բակում կամ դպրոցում ծաղրում են։
«Էպիլիացիայի բոլոր ձևերը պահանջում են, որպեսզի աղջիկը լինի գոնե 17-18 տարեկան։ Ցավոք, Հայաստանում մազահեռացման ծառայություններից օգտվելը երիտասարդացել է և դեռ հարց է, թե 12-13 տարեկան աղջկա աճող օրգանիզմին ցուցվա՞ծ է այդ քանակությամբ լազերային ճառագայթումը»,-նշում է մասնագետը և հավելում, որ հետազոտություններ այդ ուղղությամբ արված չեն, սակայն չկա մազահեռացման ամենաանվտանգ կամ ամենաարդյունավետ մեթոդ։
Մասնագետը նաև նշում է, որ հայերը, հրեաները, վրացիները, գնչուները ունեն հատուկ գենետիկա՝ նրանք հակված են մազակալման։
Հոգեբան Կարինե Նալչաջյանը բացատրում է, որ 12-15 տարեկան աղջիկները դուրս են գալիս մանկությունից և կիսով չափ արդեն իրենց մեծ աղջիկ են զգում։ Երեխաների մոտ հոգեբանական ճգնաժամ է սկսվում, երբ ծնողը որոշ հարցերում սահմանափակում է դնում, ասելով, որ աղջիկը դեռ փոքր է, հետո մեկ ուրիշ հարցում ծնողն իրեն հակասում է՝ երեխային ապացուցելով, որ ինքը մեծ աղջիկ է։ Երեխայի մոտ խառնաշփոթ է սկսվում, և նա չի հասկանում՝ ինքը մե՞ծ է, թե՞ փոքր։
Հոգեբանի խոսքով՝ մայրն այս դեպքում պետք է իրեն շատ խելամիտ դրսևորի և հարգի իր աղջկան՝ պետք է հարգալից վերաբերմունք դրսևորի, խնդրի, բացատրի, որ չմտածված քայլերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ։ Պարտադիր է աղջկան տանել բժշկի հետ կոնսուլտացիայի, քանի որ որքան էլ մայրը հեղինակություն է աղջկա համար, մասնագետի խոսքը կարող է ավելի լուրջ ընդունվել։
«Մայրերին խորհուրդ եմ տալիս, որ իրենց խստությունն այս տարիքի աղջիկների հետ մի կողմ դնեն, քանի որ նեգատիվիզմի տարիք է և աղջիկը ունակ է ամեն ինչ հակառակն անելու»,-ասում է մասնագետը։
Ամեն դեպքում, մայրը պետք է ըմբռնի ու օգնի աղջկան խնդիրը լուծել, քանի որ դեռահասության տարիքում ձևավորվում է աղջիկների ինքնագնահատականը և եթե նրանց ծաղրեն, հավանական է, որ նրանք դա երբեք չմոռանան։
Հավելենք, որ մազահեռացման տարբեր միջոցները միայն դեռահասության շրջանում չէ, որ հակացուցված են: էպիլյացիան պարզապես արգելված է ցանկացած քրոնիկ հիվանդության սրացման ժամանակ, շաքարային դիաբետի, օնկոլոգիական հիվանդությունների, էպիլեպսիայի դեպքում, հերպեսի սուր շրջանում, ինչպես նաև ապագա և կերակրող մայրերին։