Նախարարը չի բացառում հայոց պատմության վերջին 20 տարվա չներառումը դպրոցական դասագրքերում
Advertisement 1000 x 90

Նախարարը չի բացառում հայոց պատմության վերջին 20 տարվա չներառումը դպրոցական դասագրքերում

Հայոց պատմության նորագույն շրջանի դպրոցական դասագրքերի բովանդակության վերաբերյալ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովը միասնական որոշում դեռ չունի: Այս մասին օգոստոսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ներկայում Հայոց պատմության դասագրքի բովանդակությունն է քննարկվում, շատ բարդ քննարկումներ են: Հանձնաժողովը չի կարողանում միասնական եզրակացության գալ: Որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բաներ են գրում այդ նյութերում: Խնդիրներ կան և մարտի 1-ի, և ընտրությունների, և քաղաքական գնահատականների հետ կապված»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը չմանրամասնեց, թե ինչ վիճելի ձևակերպումներ կան, քանի դեռ հանձնաժողովը եզրակացություն չի տվել: Այն հարցին, թե արդյոք դասագրքերը կհասցնեն տպագրվել մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը, նախարարը նշեց, որ հասցնելու խնդիր չկա:

«Խնդիր չկա հասցնելու, այն թեմաները, որոնք խնդրահարույց են, դրանք անցնում են տարվա երկրորդ կեսին: Կարող է այնպես լինել, որ ես թույլ չտամ նոր դասագրքի տպագրում, քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության»,- նշեց Հարությունյանը:

ԿԳՄՍ նախարարը հավելեց նաև, որ կան երկրներ, որոնք իրենց պատմության վերջին 20-25 տարիների պատմությունը չեն ներառում դասագրքերի մեջ, և կարող է այնպես լինել, որ Հայաստանը կիրառի այդ փորձը:

 



Նման նյութեր