13-ամյա աղջնակը առողջ երեխա է ունեցել. azatutyun.am
Advertisement 1000 x 90

13-ամյա աղջնակը առողջ երեխա է ունեցել. azatutyun.am

13-ամյա հղի աղջնակը երեք օր առաջ կեսարյան հատմամբ տղա է ունեցել Էրեբունի բժշկական կենտրոնում։

«Կեսարյան հատում որոշվեց տարիքից ելնելով և պտղի դիրքի հետ կապված»,- պարզաբանեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանը:

Մարզերից մեկում անչափահաս ու հաշմանդամություն ունեցող աղջնակի հղիության լուրը պայթեց ամիսներ առաջ: «Ազատություն TV»-ն նույնպես անդրադարձավ խնդրին ու սոցիալական աջակցություն ու քաղաքականություն իրականացնող մարմինների անգործությանը:

Ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, տան անդամներից շատերը առողջական խնդիրներ ունեն: Նրանց պնդմամբ, աղջկա հետ կատարվածը սեռական բռնություն էր: Հարուցվել է քրեական գործ:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանի խոսքով, կասկածյալների շրջանակ կա, սակայն մեղադրյալներ դեռ չկան․ – «Ընթանում է նախաքննություն: Քննչական կոմիտեն նախաձեռնում է քննչական գործողություններ: Այս պահի դրությամբ նախաքննական մարմինը ունի կասկածյալների որոշակի շրջանակ: Ըստ էության, մեր անչափահաս տուժողը կոնկրետ ցուցմունք է տվել, բայց իրենք որոշում կայացրեցին նշանակել փորձաքննություն»:

Այսօր նաև ԴՆԹ փորձաքննության համար նմուշ է վերցվել նորածնից։ 2 կիլոգրամ 640 գրամ քաշով ու 49 սանտիմետր հասակով նորածինը կեսարյան հատումն իրականացրած բժիշկ Դավիթ Աբովյանի անունն է կրում: Այդպես է ուզել փոքրիկի փոքրիկ մայրիկը։

Նորածնին, սակայն, ոչ ոք չի շտապում տուն տանել: Նրա մայրիկն ինքը խնամքի կարիք ունի․ 13 տարեկան, նոր ծննդաբերած, գումարած ընտանիքի սոցիալական հարցերը:

Մայրը պատմում է, որ դուստրը երեխա ունենալուց հետո անկայուն վիճակում է, առանց այդ էլ խնդիրներ ուներ, հիմա շատ է սրվել․- «Նորմալ հոգեբան ա պետք էդ էրեխուն: Ամեն ինչից նեղվում ա»:

Այսօր իրենք տուն կգնան, փոքրիկը կմնա ծննդատանը: Հրաժարվել են: «Բայց ժամանակավոր»,- արագ վրա է բերում փոքրիկ մայրիկը: Ասում է, երբ կմեծանա, կվերցնի «կուկուին»:

Հեկեկացող ծննդկանի մայրն ասում է, որ կպահեին՝ եթե գոնե կոյուղի ունեցող տուն ունենային, բայց ինքն ի վիճակի չէ, հաշմանդամություն ունեցող աղջիկն ինքը խնամքի կարիք ունի, ինչպե՞ս նորածնին էլ պահի: Այսօր դուրս էին գրվում և տրանսպորտի հարցը սեռական բռնության ճգնաժամային կենտրոնն էր լուծել։

Էրեբունի բուժկենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանն ասում է, որ նորածինը իրենց մոտ կմնա այնքան մինչև կլուծվի խնամողի հարցը․- «Մեր մանկական ծառայությունը բավականին հզոր զարգացած է: Մանկաբույժները ամեն ինչ կանեն այդ երեխայի համար: Ինքը ծնվել է առողջ: Կմնա այնքան ժամանակ, մինչև սոցիալական ծառայությունները էս հարցին լուծում գտնեն»:

Մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավարն ասում է, որ առայժմ հրաժարման դիմում չեն ստացել, բայց գիտի, որ երեխայից հրաժարվել են սոցիալական հիմքով, ինչը նշանակում է վեց ամսով: Նորածնին պիտի այդ ժամկետում կա՛մ տուն տանեն, կա՛մ վճռվի նրան մանկատուն կամ խնամատար ընտանիք տեղափոխելու հարցը:

Ծննդատան մուտքի մոտ աշխույժ ու տոնական աժիոտաժ է, փոքրիկ մայրիկն այսօր մոր հետ տուն գնաց, իսկ տղան նորածնային բաժանմունքում կերակրվում ու քաշ է հավաքում:

azatutyun.am