Օգոստոսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում 33-ամյա Սերյոժա Գրիգորյանը իր վարած Opel Zafira մակնիշի 35 AM 858 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որից հետո դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանն ու ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանը: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Կոտայքի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ավագ քննիչ Վ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: