«WCIT 2019» – ՏՏ համաշխարհային համաժողովի գրասենյակը հայտարարում է կամավորական շարժման մեկնարկի մասին։ Օգոստոսի 20-ից բոլոր ցանկացողները կարող են միջոցառման պաշտոնական կայքում լրացնել հայտը, որի համար դիմողի հիմնական տեղեկություններից բացի, պահանջվում է նաև մասնակցության մոտիվացիայի մասին տեսահոլովակ։ Հայտերի ներկայացման ժամկետն ընդամենը 10 օր է։
«WCIT 2019» –ՏՏ համաշխարհային համաժողովը՝ ՏՀՏ աշխարհի խոշորագույն ու հեղինակավոր միջոցառումներից մեկը, այս տարի տեղի կունենա Երևանում՝ Հայաստանում, Հոկտեմբերի 6-9-ին։
«Հաշվի առնելով փաստը, որ հայտը բացելուց դեռևս շաբաթներ առաջ անհավանական քանակի զանգեր ու դիմումներ էինք ստանում, արդեն պարզ է, որ մրցակցությունը մեծ է լինելու։ Ընտրությունը կատարելիս նախապատվությունը կտրվի ՏՏ ոլորտի աշխատակիցներին և ուսանողներին, մի քանի լեզուների իմացությամբ հավակնորդներին, որոնք ժամանակի համատեղության որևէ խնդիր չեն ունենա, մեծ էնտուզիազմ ու ճկունություն կցուցաբերեն»,- նշել է «WCIT 2019»-ի կամավորական կորպուսի ղեկավար Ղազար Հակոբյանը։
Բարձրաստիճան հյուրերին ուղեկցող կամավորների ընտրությունը կկատարվի ավելի խիստ չափանիշներով․ նախապատվությունը կտրվի Հայաստանը, Երևանը, ՏՀՏ ոլորտը լավագույնս ճանաչող լեզուների իմացությամբ մասնագետներին ու հավակնորդներին։
Ընտրվող 250 կամավորների համար վերապատրաստումներ կանցկացվնեն, իսկ մասնակցությունից հետո հավաստագրեր ու հուշանվերներ կստանան։
Հայաստանը կհյուրընկալի ավելի քան 2500 մասնակից՝ շուրջ 70 երկրից. նրանք քննարկումներ կանցկացնեն «Ապակենտրոնացման ուժը․ ակնկալիք և վտանգ», «Մեքենաները հառնում են», «Սև Կարապ», «Բլոքչեյնի նորարարությունը խաչաձևվում է կապիտալի հետ», «Արհեստական բանականությունը գենոմիկայում», «Որքան կանաչ է Սիլիկոնային հովիտը», խելացի քաղաքներ, ստարտափներ և ինկուբատորներ թեմաներով։
Համաժողովի օրերին Հայաստանը կհյուրընկալի ՏՏ աշխարհի առաջատարների ու նորարարների, գլոբալ քաղաքականության առաջնորդների, կառավարությունների ու կորպորացիաների, սկսնակ ձեռնարկությունների ղեկավարների, խոշոր ներդրողների: WCIT 2019 –ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիքներ և վտանգներ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։