Օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 35 ZN 524 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գառնու ձորում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող հանգստի տաղավարին և մոտ 20 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Վարորդին և 1 ուղևորին տեղում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետի և տեղակալի գլխավորությամբ, քաղաքացիներից մեկի Jeep մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ինչպես նաև ավտոմեքենայում հայտնաբերվել է այդ քաղաքացու կնոջ՝ նույնպես ՌԴ քաղաքացի՝ ամբողջովին մոխրացած դին: Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Կոտայքի բաժի պետ Ա. Ղազարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարութան փրակարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատի փրկարարները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: