Կրասնոդարի երկրամասում երկու մարդատար մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով չորս զոհերից երեքը ՀՀ քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստան դեսպանատունը Facebook-ի իր էջում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արմավիրի մոտակայքում չորս մարդ է մահացել։ Nissan Qashqai ու Opel Zafira մեքենաները բախվել էին Զավետնի ավանի մոտ ժամը 17:40-ի շրջանում։ Երկու վարորդն ու Opel Zafira մինիվենի երկու կին ուղևորները տեղում մահացել էին։
«Դեսպանատան ճշտված տվյալների համաձայն՝ Կրասնոդարի երկրամասի Արմավիրի մոտակայքում «Նիսան» և «Օպել» մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ երեք քաղաքացի (81-ամյա, 35-ամյա և 31-ամյա) է մահացել», – նշված է հաղորդագրության մեջ։
Վթարի հետևանքով տուժել է նաև 6-ամյա երեխա, նրան հիվանդանոց են տեղափոխել։ Երեխան Արմավիրի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում է։