Այդին Մորիկյան. «Բումերանգի վերադարձի անխախտ օրենքը»
Advertisement 1000 x 90

Այդին Մորիկյան. «Բումերանգի վերադարձի անխախտ օրենքը»

Բումերանգն` իր խնդիրը կատարելուց հետո, վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել է իր թռիչքը: Անգամ հենց էնպես` պարապ-աննպատակ թռիչքի դեպքում էլ է վերադառնում իր մեկնարկած կետին:

Ու այդ ընթացքում` մեկնարկ-թիրախ-մեկնարկ, որևէ այլ բանի այդ բումերանգը չի փոխակերպվում:

Եթե բռնություն է` վերադառնում է որպես բռնություն:

Եթե արյուն է` որպես արյուն:

Եթե արհամարհանք է` որպես արհամարհանք:

Այդպես անվերջ կարելի է շարունակել թվարկումը: Ու յուրաքանչյուրս էլ զգացել է, որ իր նետած ցանկացած բումերանգն էլ վերադարձել է ճիշտ ու ճիշտ նույն տեսքով: Արագությունը մի քիչ գուցե այն չի եղել, ժամանակն է փոփոխություն կրել, ճանապարհն է երկարել կամ կարճացել` բայց վերադարձն աներկբա է եղել:

Էնպես որ, օրվա իշխանությունների ամեն արած էլ վերադառնալու է իրենց ու դժվարացնելու է իրենց իսկ զավակների ճանապարհը:

Եվ դա` անկախ նրանից՝ հավատո՞ւմ ես, թե՞ոչ:

Ոչ թե բումերանգի վերադարձի անխախտ օրենքին, այլ ՏԻՐՈՋԸ:

ՈՎ կարգավորում է Տիեզերքը և ՕՐԵՆՔՆԵՐ սահմանում, այդ թվում և՝ վերը հիշատակվածը:

Անհավատությունը չի փրկելու անխուսափելի պատասխանից: Ու դրա հետևանքներից:

Եվ անգիտանալը կամ էլ ձևացնելը որևէ կերպ չի ազատելու պատասխանատվությունից: Հակառակը` ավելի է ծանրացնելու այն:

Եվ եթե ոմանց թվում է, թե երկրային պատիժներն են ամենաէականներն ու դրանցից խուսափելով հնարավոր է անամպ գոյություն ապահովել` սխալվում են:

Գուցեև երկրի վրա հնարավոր լինի ինչ-ինչ պատիժներից խուսափել, բայց ՎԵՐԵՎՆ այլևս այդ հնարավորությունից զրկված են լինելու: Պարզապես գիտակցել է պետք, որ կյանքն այս հողագնդով չի սկսվում ու, առավել ևս, ավարտվում: Այն շարունակական մի ընթացք է, որ ըստ ՏԻՐՈՋ կամքի է ընթանում, և դրա ողջ ընթացքում էլ մենք պատասխանատու պետք է զգանք մեզ, քանզի չգիտենք, թե պատասխանը երբ և ինչպես է պահանջվելու մեզնից:

Որ պահանջվելու է` հաստատ է:

Եվ` խստորեն:

Այլապես լիովին անիմաստ ու անհեթեթ կդառնար նաև մեր կյանքը: Եթե ամեն ինչ միայն մեր քմահաճույքով ու ցանկությամբ լիներ:

Մեծ խելք անհրաժեշտ չէ այդ փոքրիկ բաները հասկանալու համար: Տարրական տրամաբանությունն էլ է դա հուշում, և դրան ականջալուր չլինելը մտավոր տհասության վկայություն է:

Այնպես որ, բումերանգի վերադարձի օրենքն անխախտ է:

Այն, ինչ կամեցել ես` վերադառնալու է քեզ:

Այն, ինչ արել ես` դառնալու է քո դեմ:

Այն, ինչ մտածել ես` նույնը:

Ինչպես որ վերադառնում է իր մեկնակետին ցանկացած նետած բումերանգ:

«Ժամանակ-Երևան» 8.03.2008

168.am



Նման նյութեր