ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դրամական միջոցները 2018 թ․ կազմել են 8 մլն դրամ, իսկ հարկային տարվա եկամուտը՝ 13,5 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձերից։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից։
Որևէ շարժական կամ անշարժ գույք գլխավոր դատախազը չի հայտարարագրել, թեև 2017 թ․ հայատարագրում նշված է, որ նա 43 մլն դրամով ձեռք է բերել անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված։ Նույն թվականին դատախազը 102 հազ․ դրամով օտարել է հողամաս։
Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի դրամական միջոցները թեև 2018 թ․ սկզբին կազմել էն 51,5 մլն դրամ, սակայն տարեվերջին պակասել են 45, 7 մլն դրամ։ Թե ավելի քան 5 մլն դրամն ինչի՞ վրա է ծախսել դատախազը, հայտարարագրում նշված չէ։ Նույն հայտարարագրի համաձայն՝ Ամեն Հարությունյանն օտարել է 5 մլն դրամ արժողությամբ անշարժ գույք։ Դատախազի հարկային տարվա եկամուտը կազմել է 21,1 մլն դրամ։
Գլխավոր դատախազի տեղակալներից Դավիթ Մելքոնյանի դրամական միջոցները 2018 թ․ կազմել են 1233 դոլար և 5 մլն դրամ։ Հարկային տարվա եկամուտը կազմել է 9,6 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձերից։ Նշենք, որ դատախազը անշաժ կամ շարժական գույք չի հայտարարագրել։
Գլխավոր դատախազի մեկ այլ տեղակալի՝ Հայկ Ասլանյանի դրամական միջոցները 2018 թ․ կազմել են 3,5 մլն դրամ և 10 000 դոլար։ Նույն թվականին դատախազի հանձնած փոխառության չափը կազմել է 73 000 դոլար։
Հայտարարագրի համաձայն՝ նա 2018 թ․ օտարել է 9 մլն դրամ արժողությամբ «VOLKSWAGEN PASSAT CC 1.8» մակնիշի մարդատար մեքենա, ինչպես նաև 25,5 մլն դրամ արժողությամբ անհատական բնակելի տուն։
Հարկային տարվա եկամուտը կազմել է 48,2 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից և օտարված շարժական ու անշարժ գույքից։
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի դրամական միջոցները, հայտարարագրի համաձայն, կազմել է 18,5 մլն դրամ, հարկային տարվա եկամուտը կազմել է 9,9 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից։