«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իրազեկ քաղաքացիների միավորումը ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ընտրողներին իրազեկող տեսանյութեր է պատրաստում, որոնք տարածվում են սոցցաներով և հեռարձակվում հեռուստատեսություններով: Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, օրինակ, երբեք որևիցե լումա չի խնդրել այդ տեսահոլովակները հեռարձակելու համար: Բազմաթիվ մասնավոր հեռուստատեսություններ ևս անվճար հեռարձակել են այս տեսանյութերը:
Բայց Արցախի հանրային հեռուստատեսությունը, որն ինքը պետք է շահագրգռված լիներ այսօրինակ տեսանյութերի տարածման մեջ, գումար է պահանջում այս տեսանյութերի հեռարձակման համար:
Իրավիճակը ավելի զավեշտալի է դարձնում այն, որ Արցախի հանրային հեռուստատեսությունը արցախցի ընտրողների իրազեկման համար գումար է պահանջում Հայաստանի Հանրապետության բյուջեից ֆինանսավորվող ծրագրից:
Հույս ունեի, որ Արցախի հանրային հեռուստատեսությունում կհասկանան իրենց մոտեցման անհեթհեթությունը Արցախում ընտրողների իրազեկման համար զրո լումա պահանջող գործողության համար Հայաստանի հարկատուների հաշվիր իրականացվող ծրագրից գումար պահանջելուց առաջ: Բայց բանակցություններն ավարտվեցին ապարդյուն։
Թող ներեն մեզ հայաստանյան հարկատուները, բայց մենք կվճարենք այդ մի քանի հարյուր հազար դրամը (և ավելի քիչ գումար կխնայենք բյուջե վերադարձնելու համար)։ Չգիտեմ, դա ծիծաղելու է, թե լացելու, բայց ստացվում է, որ մեզ համար Արցախի քաղաքացիների իրազեկվածությունը, ավելի կարևոր է, քան Արցախի հանրային հեռուստատեսության համար»։