ՀՀ ճանապարհային ոստիկանությունը օգոստոսի 26-սեպտեմբերի 2-ը հանրապետության ողջ տարածքում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել է մի շարք խախտումներ: Ոստիկանությունը 114 վարորդի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցից տարբեր իրեր ու առարկաներ փողոց նետելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Օգոստոսի 26-սեպտեմբերի 2-ը Երևանում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 124 տրանսպորտային միջոցոց, որոնցից 15-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում:
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ վարվող 36 տրանսպորտային միջոց: 20-ի վարորդները հողմապակու թաղանթապատումը վերացրել են խախտումը հայտնաբերելու պահին:
Օգոստոսի 26-սեպտեմբերի 2-ն էլ մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները: Նրանք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 106 տրանսպորտային միջոց, որից 25-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: Հայտնաբերվել է նաև թաղանթապատված հողմապակիով 62 տրանսպորտային միջոց, 2-ի վարորդները թաղանթապատումը վերացրել են խախտումը հայտնաբերելու պահին, իսկ 8-ը 24 ժամվա ընթացքում:
5 տրանսպորտային միջոցի վարորդ երթևեկել է ժամկետնանց ԱՊՊԱ պայմանագրով, 2-ը՝ առանց հաշվառման համարանիշի: