Սյունիքում երկու հովվի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Advertisement 1000 x 90

Սյունիքում երկու հովվի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ երկու հովվի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2019թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17:05-ին, Ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Տորունիք բնակավայրի արոտավայրում հայտնաբերել է հորը և համագյուղացուն՝ մահացած վիճակում:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ-խումբը և հայտնաբերել Տորունիք բնակավայրի բնակիչ, 1968թ. ծնված տղամարդու դին՝ գլխի գագաթային շրջանի վնասվածքներով, և նույն բնակավայրի՝ 1992թ. ծնված երիտասարդին՝ կզակի ստորին հատվածում հրազենային վնասվածքով, ինչպես նաև՝ վերջինիս դիակի կողքին՝ 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են փորձանմուշներ:

Տուժողներին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: