Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան 6 տան բնակիչները օրեր առաջ հայտնվել էին անելանելի վիճակում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ընտանիքի ավագն ասում էր. «Տևական ժամանակ երեխաների հետ ընտանիքով գիշերում էինք բաց երկնի տակ: Դեռ ԽՍՀՄ տարիներից մեր տան տակով ինչ-որ ջրագիծ է անցել, որի մասին մենք չենք էլ իմացել: Միայն վերջերս տեսանք, որ պոլի տակից ջուր ա լցվում տուն, զանգեցինք Ջրմուղ, ասեցին, որ դա մեր գործը չէ, սեփական սեկտոր է, դուք ինքներդ պետք է ձեր ուժերով խնդիրը վերացնեք:
Հույս էլ չունեինք, որ մեզ կօգնեն, սակայն այդ օգնողները գտնվեցին: Ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել Վեոլիա Ջուր ընկերությանը և Էրեբունու թաղապաետարանին, իսկ առաջին հերթին մեր հարևաններին, ովքեր ապացուցեցին, որ ճիշտ է այն խոսքը, երբ ասվում է՝ Մարդու մատը փուշ է մտնում, մինչև բարեկամը գալիս է, հարևանն է հասնում: Դա տիպիկ վերաբերվում է մեր հարևաններին»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանած Վեոլիա Ջուր ընկերության ներկայացուցիչները հատուկ տեխնիկայի միջոցով հայտնաբերել են ջրագծերը, ապա մոնտաժել, որից հետո կատարել են ասֆալտապատման աշխատանքներ, իսկ Էրեբունու թաղապետարանն էլ ընտանիքին օգնեց շինանյութով: