Անտարես հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից.
«Մեր գրքերը մի գնեք, գնեք այլ հրատարակիչներից, բայց գնեք ու տվեք գրադարաններին։ Գրադարանից ժողովուրդն է օգտվում, իսկ հարկերը պետք է առաջին հերթին ծախսել ժողովրդի կարիքների համար։
Լսել եմ, որ Մշակույթի նախարարությունը պետպատվերը վերականգնում է։
Պետությունը պատվիրելու է գրքեր։
Հացը գնելիս չեն պատվիրում, մեքենա գնելիս չեն պատվիրում, օծանելիք գնելիս չեն պատվիրում, գարեջուր գնելիս չեն պատվիրում, գնում են այն, ինչը կա շուկայում։
Միակ բնագավառը, որը չի բավարարում ու նախկինում էլ չի բավարարել Մշակույթի նախարարության պաշտոնյաներին, գիրքն է։
Հայաստանի բոլոր հրատարակիչներն իրար հետ վերցրած չունեն, չեն հրատարակել այնպիսի գրքեր, որ Մշնախը գնի, իրենց ճաշակով չի, այդ պատճառով էլ պատվիրում են նոր տիպի գիրք։ Պատկերացնում ե՞ք։ Նման ձեւով անում էր նախկին իշխանությունը, բայց չէ՞ որ Դուք ոնց որ թե մերն եք ու Ձեր ղեկավարը՝ ՀՀ վարչապետը, Օպերայում մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այլեւս առաջարկ չեք ֆինանսավորելու, այլ ֆինանսավորելու եք պահանջարկը։
Այնտեղ չէի՞ք, վա՞տ եք լսել վարչապետին, չեք ընկալե՞լ։
Հերիք չի՞ Դուք էս պետության փողերը քամուն տաք։
Հայաստանի համայնքային գրադարանները 30 տարի շարունակ գիրք չի մտել։ Նորմալ գիրք, այլ ոչ բիբկոլեկտորում մնացած թերմացքը։
Կոտայքի մարզային գրադարանում մի գրքի համար երկու տարուց ավել հերթ են կանգնում։ Մյուս գրադարաններում պատկերը նույնն է։
Փողը ծախսեք ոչ թե նոր հրատարակչի վրա, այլ ժողովրդի հոգսը թեթեւացրեք. գիրք գնեք գրադարանների համար»։