Ես և քաղաքապետարանի աշխատակազմն այնպիսի գործողություններ ենք արել, որ երբևիցե որևէ քաղաքապետի մտքով չէր կարող անցնել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Որևէ քաղաքապետ մոտիկ չի եկել գովազդներին, որովհետև դա ինչ-որ մարդկանց գովազդներն է, մոտիկ չի եկել սրճարաններին, որովհետև դա իշխանության ներկայացուցիչների սրճարաններ են, մոտիկ չեն եկել տարբեր տիպի ապօրինի շինություններին, որովհետև դրանք ինչ-որ մարդու հորեղբոր տղայի շինությունն է: Մոտիկ չեն եկել մանկապարտեզներին, որոնք վերցրել են թաղապետերը, նրանց բարեկամները: Մենք այսօր դրանք հետ ենք բերում: Այսօր 5 600 քմ տարածք հետ ենք բերել համայնքին, մանկապարտեզներին: Մոտիկ չէին գալիս այգիներին, որոնք նույնպես սեփականաշնորհել էին և այսօր մենք հետ ենք բերել բավականին մեծ քանակությամբ տարածքներ և մոտ ապագայում ևս սպասվում են պրոցեսներ»,-հայտարարեց Մարությանը:
Նա հավելեց, որ քաղաքապետարանի հին աշխատողները զարմացած են, որ հնարավոր է նման մարդկանցից որևէ բան հետ վերցնել, որոնց անունն էին ժամանակին վախենում տալ: