ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես տեսա մահվան աչքերը, սակայն վերադարձա
Սեպտեմբերի 1-ը վաղուց տոնական է մեր ընտանիքի համար, քանի որ ավագ դստերս ծննդյան օրն է: Այս տարվա սեպտեմբերի 1-ը նշանավորվել էր ևս մի խորհդանշական իրադարձությամբ, թոռնիկս՝ Լիան, պետք է գնար առաջին դասարան:
Սակայն վաղ առավոտյան ինքնազգացողությունս անսպասելի վատացավ և ինձ գրեթե անգիտակից` (40/20 արյան ճնշումով և 41 աստիճան ջերմությամբ) շտապ օգնության մեքենայով հասցրեցին ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Առաջին իսկ րոպեից, Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի բժիշկները, ախտորոշելու համար փորձում էին կայունացնել վիճակս:
Թողնելով սեպտեմբերի 1-ի բազմազբաղ գործերը՝ կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Իրինա Մալխասյանին և արհեստավարժ բժիշկների թիմին միացավ ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը:
Դժվար է խոսքերով նկարագրել այն ամենը, ինչ տեղի էր ունենում: Ինչպես ավելի ուշ ասաց հարգարժան պրոֆեսոր Իրինա Էդուարդովնան՝ տիկին Նաիրա ջան, ձեր օրգանիզմում երկրաշարժ էր տեղի ունեցել և մենք հիմա փուլ առ փուլ վերականգնելու ենք ավերակները:
Միայն երեխաներիս սարսափահար աչքերից էի հասկանում, թե որքան լուրջ էր վիճակս: Բժիշկների փայլուն միջամտության շնորհիվ հաջողվեց կայունացնել ինքնազգացողությունս: Ասեմ ավելին, մեր իրական հերոսները՝ մեր արհեստավարժ բժիշկներն են:
Հիմա, արդեն տանը, դեռևս շարունակելով բուժումը, դժվարանում եմ խոսքեր գտնել, որպեսզի արժանի գնահատական տամ և իմ երախտագիտությունը հայտնեմ պրոֆեսոր Արմեն Մուրադյանին, պրոֆեսոր Իրինա Էդուարդովնային՝ իր ղեկավարած ռեանիմացիայի բաժանմունքի ողջ անձնակազմով՝ բժիշկներին, բուժքույրերին և մայրապետերին, շտապ օգնության անձնակազմին, պրոֆեսոր Արեն Բաբլումյանին արհեստավարժ և գիտակ ուրոլոգների ողջ թիմին:
Հիմա արդեն վստահ կարող եմ ասել, որ ես վերածնվեցի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բժիշկների շնորհիվ:
Սա կարևոր ժամանակահատված էր վերաարժևորելու և վերագնահատելու կյանքս, հասկացա, որ ինձ փրկեց նաև հարազատներիս ու մտերմներիս սերը:
Շնորհակալ եմ բոլորին՝ այս դժվար պահերին իմ և իմ ընտանիքի կողքին լինելու և աջակցելու համար:
Շնորհակալ եմ Աստծուն ինձ երկրորդ կյանք պարգևելու համար…
Երախտիքի խորհին զգացումով՝
Նաիրա Նահապետյան»:
Ես տեսա մահվան աչքերը սակայն վերադարձաՍեպտեմբերի 1-ը վաղուց տոնական է մեր ընտանիքի համար, քանի որ ավագ դստերս …
Gepostet von Naira Nahapetyan am Donnerstag, 12. September 2019