Հատուկ կացարաններում բնակվող թոշակառուների գազի, լույսի և ջրի վարձավճարները կփոխհատուցվեն բյուջեից
Advertisement 1000 x 90

Հատուկ կացարաններում բնակվող թոշակառուների գազի, լույսի և ջրի վարձավճարները կփոխհատուցվեն բյուջեից

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է այդ կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և  ջրամատակարարման վարձավճարները փոխհատուցել պետական բյուջեի միջոցներից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ՀՀ -ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ապրում է մոտ 200 անձ, որոնցից 59-ը միայնակ կենսաթոշակառու են, այդ թվում` 28 միայնակ կենսաթոշակառու: Նրանք բնակվում է Երևանում և Մարալիկում գտնվող սոցիալական տներում, իսկ 31-ը` հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսված կացարանում (այլ կերպ անվանվում է նաև «Վետերան» օթևան):

Սոցիալական տունն անձին տրամադրում է միայն կացարան, և երբեմն էլ որոշ սոցիալական ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաեւ իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` կապված սննդի, հագուստի, կենցաղի հետ:  Տարիների փորձը ցույց է տվել, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները հիմնականում (կենսաթոշակը չի բավարարում միաժամանակ և ապրելու, և կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար) չեն կարողանում վճարել իրենց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարները ու պարբերաբար խնդիրներ են առաջացնում կացարանների տնօրինությունների համար. վերջիններս էլ հաճախ բնակիչների պարտքերը մարելու կամ զիջելու խնդրանքով դիմում են ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնք էլ կամ օգնում են, կամ մերժում:

«Նախատեսվում է, որ օրենքը կընդունվի և կկիրառվի 2020 թվականի հունվարի 1-ից»,- ասաց նախարարը:

Նախագծի ընդունման արդյունքում, սոցիալական աջակցություն կցուցաբերվի միայնակ կենսաթոշակառուների, որոնց թիվը 2019թ. մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59: Ըստ նախնական հաշվարկների (հիմք է  ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ(երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ 59 բնակչի հաշվարկով տարեկան 8 496 000 դրամ։



Նման նյութեր