Արմեն Սաքապետոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց մի օրինագծի, որի համաձայն ուղղակի բռնաբարվում է բանկային գաղտնիք հասկացությունը: Օրվա կառավարիչները իրենց «պատռում» են, որ ապացուցեն, թե ներդրումային գրավչության տեսանկյունից ինչ լավ երկիր է Հայաստանը: Այս մարդիկ երևի իրենց կյանքում աշխատանքային մակարդակում երբեևէ չեն շփվել ներդրում իրականացնողների հետ, որոնք ներդրումային կլիման ուսումնասիրելիս առաջնահերթ ուզում են պարզել երկու հանգամանք՝ հարկային դաշտ և բանկային համակարգ: Վստահեցնում եմ, որ բանկային համակարգի վերաբերյալ հարցադրումներ իրականացնելիս առաջին հարցը հենց վերաբերվում է բանկային գաղտնիքին: Իհարկե մտքի գիգանտները հիմա կսկսեն օրինակներ բերել Ալժիրից, Եթովպիայից կամ նմանատիպ այլ երկրներից, որպեսզի հիմնավորեն իրենց կպչուն մտքերը:
Այս մարդիկ չեն գիտակցում, որ կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է սկսել այսպիսի անհեթեթ օրենքներ ընդունելով:
Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել համակարգերը գնահատելով և իրավակարգավորումները հստակեցնելով:
Օրինակ, որևէ մեկի մոտ առաջացել է պարզ մի հարց, թե ինչու պետք է դատարաններում գործերը մակագրվեն դատավորներին համակարգչային ծրագրի կողմից խառը ընտրանքի միջոցով, իսկ ցանկացած քննչական մարմնում կամ դատախազության համակարգում գործերը պետք է մակագրվեն կամ բաշխվեն շեֆի հայեցողությամբ: Օրինակները բազմաթիվ են, որոնց կանդրադառնամ հետագայում, իսկ այժմ մի բան կարող եմ ասել.
Հարգելի կառավարիչներ, մի իրականացրեք հայեցողական քաղաքական գործունեություն, անելու իրական շատ բան կա, գործով զբաղվեք»: