ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերի յուրացում և վատնում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վերջինս ներգրավվել է որպես կասկածյալ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Հրազդան» ԲԿ-ի նախկին տնօրենը, 1988-2017թթ. զբաղեցնելով նշված պաշտոնը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, բժշկական կենտրոնում աշխատակիցներ է հրամանագրել և նրանց փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում աշխատավարձ դուրս գրելով, չկատարված ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելով և ԲԿ-ից գումար դուրս գրելով, փաստացի կատարված վերանորոգման ծավալներն ուռճացնելով և այլ եղանակներով հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Նախաքննության ընթացքում «Հրազդան» ԲԿ-ի նախկին տնօրենի կողմից պետությանը պատճառված վնասը՝ 11.560.000 ՀՀ դրամ գումարը, վերականգնվել է, որը փոխանցվել է ՀՀ ՔԿ դեպոզիտային հաշվին:
Վերջինս քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: