Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Վարոս Մարկոսյանի վարած BMW մակնիշի 01 МV 066 համարանիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 57-ամյա Ռազմիկ Ադամյանի վարած КамАЗ 53213 մակնիշի 777 TT 65 համարանիշի կցորդիչով բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ մարզային փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանի և ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ: Հրշեջները, մարելով կրակը, BMW-ում հայտնաբերել են վարորդի և 2 ուղևորների՝ ամբողջովին մոխրացած դիերը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ավետյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ BMW-ի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել КамАЗ-ին, ինչից առաջացել է հրդեհ: Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին. «Կրակը վայրկյանների ընթացքում տարածվեց, փրկարարները րոպեների ընթացքում 2 ավտոյով հասան դեպքի վայր, բայց ոչինչ չէին կարող անել, կրակը հանգցնելուց հետո նոր իմացանք, որ 3 հոգի վառվել է»։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանը, ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Աղգաշյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանն ու Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Վեդու հիվանդանոցի բժիշկներն ու դի տեղափոխող բրիգադը:
Փրկարարները 1 ժամից ավելի տանջվեցին և հատուկ տեխնիկայի միջոցի օգտագործմամբ կարողացել են ավտոմեքենան մասնատել, որպեսզի դիերը դուրս բերեն: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ավետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը Պարսկաստանից էր վերադառնում, ուղևորներն էլ մայր ու դուստր էին, ու նրանք բնակվում էին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են Երևանի բնակիչներ՝ 51-ամյա Քրիստինե Մարտիրոսյանը, 29-ամյա Լուսինե Մարտիրոսյանը, Արարատի բժշկական կենտրոն են տեղափոխվել КамАЗ-ի վարորդ Ռ. Ադամյանը և նրա ուղևոր՝ Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Գևորգ Սարգսյանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: