Սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Mitsubishi Grandis մակնիշի 36 AԼ 854 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե սյանը և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորներին։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել ոչ միայն փրկարարները, այլ նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդի և ուղևորի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: