ճամփեքով ճերմակ ջրաշուշանների։
եկավ,
նայեց մեր աչքերի մեջ ու ասաց․
— բարև ձեզ։
Ասաց — ապրե՛ք։
Սերը նայեց մաշված կոշիկներին մեր սրտերի,
ասաց․
— ջրաշուշանները ճահիճներում են ապրում,
ճահիճներ բոբիկ են մտնում։
Ասաց․
— թե անգոյության մեջ
ցանեք սերմեր երևակայական շուշանների,
թե ծաղկեն իրական,
ուրեմն բարի է։
Լուսինը նայեց սիրո աչքերի մեջ,
իրար աչքով արեցին,
մեզ դուրս նետեցին պատուհաններից մեր
ճահճի մեջ։
Հույսով լցվեցինք,
ճարահատյալ,
հույսով անգո ու
անարև օրվա լույսի նման,
արևի նման այն, որը չի երևում բայց լույս է տալիս։
Ճահիճը բարի է։
Ճահիճը լուսին դարձավ։
Այդժամ սերը նայեց ծառերի կատարներին,
աչքերը փակ լսեց արևին,
շնչեց ձայնը քամու
և ասաց մեզ․
— Կեսճամփին կանգնել չկա։
Երկրագունդը փոխեց մի պահ ուղեծիրն իր,
նայեց սիրո աչքերի մեջ և ասաց մեզ․
— Փրկեք ինձ։
Իսկ ես մինչ օրս պատմել եմ ուզում
բույրը ջրաշուշանների,
այն ծաղիկների, որոնց միայն հեռվից եմ տեսել։
Իսկ դու ջրաշուշաններ ես ցանել ձյունի մեջ,
ու տաքացնում ես քո շնչով նրանց։
Ձյունը ճահիճ է դարձել։
Բարի է։
Ճահիճը ձյան հոտ ունի։
Ձյունը — սիրո գույն։
Սերը — ջրաշուշանների բույր։
Բարի է։
***
մենք փորձում ենք սիրել
սիրո մասին տիեզերական պատկերացումները,
դրանք ադապտացնել մեր հոգիներում,
արդարացնել մեր գոյությունն ու
կենցաղի մաղձը ցրել:
Մենք չենք էլ հասկանում՝
իրակա՞նն է իրական, ապրա՞ծն է իսկական,
թե՞ պատկերացնումներն այդ,
որ մեզ պարտադրվում են
պոեզիայով,
ֆիլմերով,
գրքերով,
սիրո թիթեռների խուտուտներով
ու անձնական կարիքներով:
Այդուհանդերձ,
կենցաղն ու առօրեականը
խմում են մեր համբերության բաժակը՝
տակը թողնելով միայն կաթիլներ,
որ հավատալ փորձենք սիրո
իրատեսականությանը: