Բնակարանատերը հետապնդել ու վնասազերծել է իր տան գողերից մեկին. հայտնաբերվել է պայուսակ, տարբեր տեսակի բանալիներ, ռետինե ձեռնոցներ ու գողացված ոսկյա զարդեր. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Բնակարանատերը հետապնդել ու վնասազերծել է իր տան գողերից մեկին. հայտնաբերվել է պայուսակ, տարբեր տեսակի բանալիներ, ռետինե ձեռնոցներ ու գողացված ոսկյա զարդեր. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և հայտնել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի 6-րդ շենքի բակում վիճաբանություն է, և ինքը կասկածում է, որ հնարավոր է՝ բնակիչները հանցագործություն են կանխել՝ բռնելով գողություն անողին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները «ծանր ու թեթև կանեին», հերթական ահազանգն է ստացվում Դավիթաշեն 2-րդ թաղամասի շենքերից մեկի բնակչից, ով հայտնել է, որ 2 անծանոթ անձինք իրենց բնակարանից գողություն են կատարել և երբ նկատել են իրեն, դիմել են փախուստի, սակայն ամուսինը հասցրել է նրանցից մեկին բռնել։

Նշված հասցե են ժամանում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը՝ քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզում են, որ բնակչի կողմից բռնված անձը Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Արշակ Բ-ն է։

Ոստիկաններն ու քննիչները, զննելով շենքի հարակից տարածքը, հայտնաբերում են պայուսակ, որի մեջ տարբեր տեսակի համարեցված բանալիներ, ռետինե ձեռնոցներ և նշված բնակարանից գողացված ոսկյա զարդեր են հայտնաբերում։ Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։ Արշակ Բ-ն ձերբակալվել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Արշակ Բ-ի հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողին վնասազերծած բնակարանատերն աշխատում է ՀՀ ոստիկանության տնտեսական վարչությունում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com