«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման վարող Դավիթ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ հեռանում է հեռուստաընկերությունից։ նա գրել է․
«Գործընկերնե՛ր, բարեկամնե՛ր,
ավարտում եմ եռամյա աշխատանքս «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում՝ իբրև «Երկրի հարցը» հաղորդման հեղինակ-վարող: Այսօր իմ վերջին թողարկումն է:
2016-19 թթ.-ն ինձ համար մասնագիտական վերելքի, ստեղծագործական ազատության և եթերային կոփման տարիներ էին: Մոտ 700 հեռուստահարցազրույց եմ վարել հայաստանյան հասարակական-քաղաքական, սոցիալ-մշակութային ոլորտների գրեթե բոլոր ծանրակշիռ գործիչների հետ:
Շնորհակալ եմ «Երկիր Մեդիայի» տնօրինությանը՝ ինձ վստահված բարդ ու պատասխանատու թողարկումների և լիակատար ու անկաշկանդ եթերային ազատության հնարավորության համար: Հաջողություն ու անխափան եթեր եմ մաղթում ինձ հարազատ դարձած ստեղծագործական թիմին բոլոր հետագա ձեռնարկումներում:
Հ.Գ. Առաջիկա աշխատավայրիս մասին կհայտնեմ շատ շուտով: Միայն կասեմ, որ եթերից չեմ հեռանում…»