Վայոց Ձորի մարզպետի 28-ամյա օգնականին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվել է
Advertisement 1000 x 90

Վայոց Ձորի մարզպետի 28-ամյա օգնականին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվել է

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին  ծեծելու մեջ կասկածվող Վայոց Ձորի մարզպետի 28-ամյա օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ  Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը»,- գրել է նա:

Նշենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչ է, զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջեւ սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: Ենթադրյալ հանցագործը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի եւս երկու սպա:

Կան տեղեկություններ, որ միջադեպին մասնակցել է նաեւ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: Միջադեպին մարզպետի հնարավոր մասնակցությունը ստուգվում է:

Փոխնդապետը տեղափոխվել է հիվանդանոց՝ «Փակ ծանր ԳՈՒՎ. գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նա կոմայի մեջ է: