ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին գլխի շրջանի հրազենային վնասվածքով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1991թ.:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվել են երիտասարդի՝ հրազենային վնասվածք ստանալու մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1988թ.:
Նախաքննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը, իր ծանոթի ավտոմեքենայով, գնացել է 27-ամյա երիտասարդի հետ հանդիպման և վրեժի շարժառիթով, իր պայուսակում պահվող որսորդական հրացանից կրակոցներ արձակել վերջինիս ուղղությամբ ու դիմել փախուստի:
Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 30-ամյա տղամարդը նախօրեին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Նա ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի շուրջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված ավտոմեքենայի վարորդը ևս հայտնաբերվել է: վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: