Սեպտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսը, Արմավիր – Արտենի ավտոճանապարհի Արտենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում մխրճվել է ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարին կցված թնդանոթի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 14 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Թալինի և Արմավիրի բժշկական կենտրոններ, որոնցից մի մասին էլ տեղափոխում են Երևանի տաբեր հիվանդանոցներ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Հ. Գալստյանը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ բաժի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությմամբ, սակայն քննությունը պետք է վարի զինվորական քննչական վարչությունը:
Դեպքի վայրում են գտնվում նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները:
Ոստիկանները պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մինչև ԿԱՎԶ-ի՝ ԿԱՄԱԶ-ին բախվելը, բախում է տեղի ունեցել ԿԱՄԱԶ-ի և ԶԻԼ մակնիշի բեռնատարի միջև, ու մինչ վթարի վայր պետք է ժամանեին ռազմական ոստիկանության ծառայողները, ՊԱԶ-ը, որը Արագածավան գյուղի բնակիչներին է տեղափոխելիս եղել, մխրճվել է ԿԱՄԱԶ-ին կցված թնդանոթի մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: