Զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ ԱԺ-ի կողմից աջակցության հիմնադրամում հավաքված գումարը կազմում է 2 միլիոն 36 հազար 80 դրամ: Ազգային ժողովի աշխատակազմը սկսել է հիմնադրամի հաշվին փոխանցումներ կատարել 2016 թ. նոյեմբերի 1-ից:
Հիմնադրամի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիմնադրամին փոխանցել է 11910 դրամ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փոխանցել է 9260 դրամ, իսկ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ 466 հազար 390 դրամ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը փոխանցել է 6610 դրամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ 33 հազար 70 դրամ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ 12 հազար 280 դրամ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հիմնադրամի հաշվին փոխանցել է 5670 դրամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանը՝ 6610 դրամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ 6610 դրամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ 7180 դրամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ 6300 դրամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ 10 հազար դրամ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ 33 հազար 70 դրամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Շախմուրադյանը՝ 26 հազար 770 դրամ :
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը և մի խումբ այլ պատգամավորներ հիմնադրամի հաշվին փոխանցումներ չեն արել: