Ինժեներական քաղաքում գործող YEA Engineering ընկերությունը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ մշակել է Advanced Driver Assistance System (ADAS) համակարգերի թեստավորման հարթակ՝ ինքնավար մեքենաների համար:
Նորաստեղծ ADAS-HIL հարթակը մշակվել է ռուսական ընկերության պատվերով եւ թույլ է տալիս ինքնավար մեքենաներ արտադրողներին եւ դրանց մատակարարներին թեստավորել Advanced Driver Assistance Systems (ADAS) համակարգերը եւ դրանց կոմպոնենտները՝ լաբորատոր պայմաններում, խնայելով ժամանակ եւ ֆինանսական ռեսուրսներ:
Հարթակը ADAS համակարգի համար սիմուլացնում է այն իրադարձությունները, որոնք կատարվում են իրական աշխարհում եւ լաբորատոր պայմաններում՝ առանց իրական ավտոմեքենայի վրա տեսախցիկ, ռադար եւ էլեկտրոնային ղեկավարման հանգույց տեղադրելու, էլեկտրոնային հանգույցներին համոզում, որ իրենք գտնվում են իրական ավտոմեքենայի վրա:
YEA Engineering ընկերության տեխնիկական տնօրեն Գուրգեն Մարդոյանի խոսքով, ինքնագնաց ավտոմեքենաների ամենակարևոր հանգույցներից են հենց ADAS համակարգերը, որոնք դետեկտում են արտաքին աշխարհի տեղեկատվությունը եւ դրա հիման վրա կայացնում է որոշումներ, օրինակ՝ ավտոմեքենան արգելակում է, արագություն ավելացնում կամ թեքում ղեկը:
«Տեսախցիկների, ռադարների եւ ղեկավարման հանգույցների թեստավորման եւ փորձարկման համակարգը հանգույցների համար արտաքին աշխարհի սիմուլացիա է ապահովում: Տեսախցիկների համար արտաքին աշխարհի սիմուլացիան իրականացվում է օպտիկական ազդանշանի պրոյեկցիայով՝ տեսախցիկի լինզայի վրա: Ռադարների դեպքում դա արվում է ռադիոհաճախային էխո ազդանշանների սիմուլացիայի միջոցով, իսկ էլեկտրոնային ղեկավարման հանգույցի պարագայում՝ մեր համակարգից տարբեր սիմուլացված տվիչների տվյալներն իրեն ուղարկելով եւ հանգույցից արգելակման արագացման եւ ղեկի թեքման հրահանգները հետ՝ դեպի մեր համակարգ ստանալով»,- բացատրել է Գուրգեն Մարդոյանը:
Համակարգն աշխատում է վիրտուալ իրականության ծրագրային ապահովման շուրջ, որտեղ հնարավոր է ստեղծել տարբեր ճանապարհային իրավիճակներ ,այդ թվում՝ գծել ճանապարհ, նկարագրել մեքենայի շուրջ երթեւեկությունը, եղանակային պայմանները, ինչպես նաեւ իրականացնել ավտոմեքենային առնչվող գործողություններ՝ ներմուծել ավտոմեքենայի մաթեմատիկական մոդելներ, որոնք վիրտուալ իրականության մեջ մեքենային կստիպեն վարվել նույն կերպ, ինչ իրական ճանապարհի վրա:
Ամբողջությամբ՝ vnews.am