Լվովի օդանավակայանի մոտակայքում վթարային վայրէջք կատարած Ան-12 ինքնաթիռում գտնվողները ճզմվել են ինքնաթիռում գտնվող բեռի տակ: Այդ մասին հայտարարել է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին:
«Խցիկն ամբողջությամբ առանձնացած է, ամեն ինչ ցրված է այս ու այն կողմ: Ինքնաթիռում գտնվող բեռը ճզմել է այնտեղ գտնվող մարդկանց … Անձնակազմի 8 անդամներից երեքին է հաջողվել փրկվել: Մյուսների վերաբերյալ առայժմ հուսադրող տեղեկություններ չկան»,- ասել է քաղաքապետը:
Ըստ նրա` ինքնաթիռը չպետք է վայրէջք կատարեր Լվովում վերալիցքավորելու համար, բայց խնդրել է արտակարգ վերալիցքավորում և չի կարողացել հասնել թռիչքուղուն:
«Մոտակայքում կան բնակելի շենքեր, և եթե նա այնտեղ ընկներ, աղետ կլիներ»,- ավելացրել է Սադովին:
Այս պահին քննարկվում է օդանավի վթարային վայրէջքի երկու վարկած՝ օդաչուի սխալ և վառելիքի պակասություն: