Samsung Electronics կորպորացիան դադարեցրել է արտադրությունը սմարթֆոնների հավաքման Չինաստանում իր միակ գործարանում: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտնել է Associated Press (АP) գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության մամուլի տեղեկագիրը:
Ըստ առկա տեղեկատվության, Չինաստանի Գուանդունի նահանգի Հոյչժոու քաղաքում սմարթֆոնների հավաքման գիծը ընկերության միակ գործարանում ընթացիկ տարվա սեպտեմբերին փակվել է արտադրության «արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության» կապակցությամբ:
«Սարքավորումները կտեղափոխվեն ընկերության այլ գործարաններ՝ կախված մեր ռաազմավարությունից և շուկայի պահանջմունքներից»,-գործակալությունը մեջբերում է Samsung Electronics-ի հայտարարությունը: Հոյչժոուի գործարանը բացվել է 1992 թվականին և սկսել է սմարթֆոններ թողարկել 2006 թվականին:
Ընթացիկ տարվա հունիսի սկզբին ընկերությունը հայտարարել էր ձեռնարկության աշխատակիցների թվի կրճատման մասին: 2017 թվականի դրությամբ, ֆաբրիկայում աշխատում էր ավելի քան 6 հազար մարդ:
Samsung Electronics-ը Չինաստանում հեռախոսների արտադրության նվազեցմանը ձեռնամուխ է եղել 2018 թվականին՝ իր գործարանը փակելով Տյանցչինում: The Korea Herald թերթի կարծիքով, աշխատուժը և ՉԺՀ-ում ընկերության գործարանների կրճատման մասին որոշումը կապված է Հնդկաստանում իր ներկայությունն ընդլայնելու կորպորացիայի պլանների հետ: Անցյալ տարվա օգոստոսին Samsung Electronics-ը հայտարարել էր Հնդկաստանի Նոյիդա քաղաքում շարժական հեռախոսների արտադրության գործարկման մասին: