Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ճիշտն ասած, առաջին իսկ օրվանից Կարեն Կարապետյանի գրեթե բոլոր գործողություններն ու մտքերը ինձ համար ընդունելի էին: Բայց երկու օր առաջ վարչապետը մի բան ասաց, որը մինչ օրս, այդ մակարդակով, դեռ ոչ ոք չէր ասել: Խոսքը մեր հասարակության «Լացկանյան»լինելու մասին է:
Ընդ որում պարզվեց, որ ամենաշատ լացողն ու նվնվացողը հենց չինովնիկներն են, այդ թվում նաև փոքր և միջին կարգի համայնքապետերը, որոնք աշխատելու և ռեսուրս գտնելու փոխարեն պարազիտի նման նստած են բյուջեի վզին:
Վարչապետի մոտեցումը ոչ ստանդարտ է՝ դոտացիա կստանան այն համայնքները, որոնք կկարողանան իրենք էլ ինքնուրույն գումարներ վաստակել: Այսինքն՝ այն կասկածելի պրակտիկան՝ որքան քիչ ես քո տեղական բյուջեն լցնում, այնքան շատ դոտացիա ես ստանում, վերանում է: Վերջապես մոտիվացիա և ստիմուլ է առաջանում համայնքապետերի համար:
Հ.Գ. Իհարկե, սա չպետք է վերաբերվի սահմանամերձ գյուղերին (թեև սահմանամերձ գյուղերն ավելի լավ են իրենց հարցերը լուծում, քան մնացածները): Առավել ևս չի կարող տարածվել բիզնեսի վրա»: