Կամերային երաժշտական թատրոնի դերասան Հայկ Պետրոսյանը հեռուստադիտողներին հայտնի է «Քաղաքում», «Խոպանի տեսություն» և «Շանթ» հեռուստաընկերության մի շարք այլ հեռուստասերիալներից։ Տևական ժամանակ է, ինչ դերասանը եթերում էր միայն որպես հաղորդավար, սակայն այս փուլում հեռուստադիտողները նրան կարող են տեսնել «Անավարտ երազ» հեռուստանովելում։
Tert.am Life-ի հետ զրույցում Հայկը խոսել է հեռուստասերիալներում հանդես գալու տևական դադարի, առաջարկների բացակայության, նոր սերիալում նկարահանվելու և երկու տղայի հայրիկ լինելու մասին։
Հեռուստասերիալներում չնկարահանվելու այս դադարը Հայկը կապում է համապատասխան առաջարկի բացակայության հետ։ «Անկեղծ կասեմ, հեռուստասերիալներում չէի նկարահանվում, որովհետև ավելի քան մեկ տարի չունեի համապատասխան առաջարկ։ Գլամուրային ռեժիսորների ու պրոդյուսերների մոտ միտում կա՝ դերասան ընտրելիս հաշվի են առնում ոչ թե տաղանդն ու անցած ուղին, այլ Ինստագրամի հետևորդների քանակը։ Մարդիկ մտածում են, որ դրանով հնարավոր է վարկանիշ ապահովել և շեշտ չեն դնում դերասանի ներաշխարհի, բնության, տաղանդի, արտաքին տվյալների վրա, նայում են՝ նաԻնստագրամի հետևորդների քանակով նա իրենց ձեռք տալի՞ս է, թե՞ ոչ, Ֆեյսբուքում հրապարակումները քանի՞ «լայք» ունեն։ Հետաքրքիր է, բայց հաճախ եմ լսում, որ ասում են քեզ մոտ առաջարկների պակաս միշտ լինում է, քանի որ սոցցանցերում ակտիվ չես։ Նման տեսակետ հայտնողներին ասում եմ՝ հաջողություն, որովհետև եթե ինչ-որ մեկն ինձ պետք է ընտրի Ինստագրամի համար, ես չեմ ուզում մասնագիտական որևէ առնչություն ունենալ իր հետ»,- ասաց դերասանը՝ հավելելով, որ սոցցանցերում միշտ պասիվ է եղել, քանի որ կարծում է՝ սոցցանցերը մասնագիտական տեսանկյունից լրջություն չեն ներկայացնում։
Ամբողջությամբ՝ tert.am.life