Երեկ կեսօրից լրատվամիջոցների գլխավոր լուրը Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու և անօգնական թողնելու միջադեպն էր:
Հիշեցնենք՝ Analitik.am-ը գրել էր, որ Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Դավիթ Սանասարյանը հերքել էր տեղեկությունը՝ այն անվանելով «հերթական շառը»։
Analitik.am-ի տեսանյութի տարածումից հետո Սանասարյանը հայտարարեց, որ դա «շինծու մեղադրանք է մի ստախոս կնոջ կողմից, ում երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին»։ Իրականությունը պարզելու ակնկալիքով Aysor.am-ն առավոտյան կապ հաստատեց «Արմենիա» բժշկական կենտրոնի պատասխանատուների հետ, որտեղ դեպքից հետո տեղափոխել էին երեխային:
Բուժկենտրոնի ընդունարանի վարիչ Կարինե Աբաջյանը, սակայն, պնդեց, որ սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ընդունարան վրաերթի ենթարկված 9-ամյա տղա չի ընդունվել: «Ինձ մոտ գրանցված նման հիվանդ երեխա չկա։ Չի եղել նման դեպք։ Ես չգիտեմ՝ ով է գրել, ինչ են գրել։ Ես կուզեի այդ երեխայի մորը տեսնել, և ինքը գար ու ասեր, որ այստեղ նման բան է եղել։ Իմ ընդունարանում նման բան չի եղել», – նշել էր Աբաջյանը:
Ավելի ուշ, «Արմենիա» բուժկենտրոնի բժիշկ Արսեն Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է, որ ինքն է բուժօգնություն ցուցաբերել երեխային: Ըստ Գևորգյանի՝ երեխայի մոտ ոսկրաբանական որևէ խնդիր՝ կոտրվածք, հոդախախտեր, այլ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Արսեն Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում հավելել է նաև, թե հիվանդանոցի ներքին կանոնակարգի համաձայն՝ ոստիկանություն հայտնվում են այն դեպքերը, որոնք խնդրահարույց են, կամ որոնց դեպքում կա կոտրվածք:
Փաստացի, չնայած ընդունարանի վարիչի հերքումներին՝ 9-ամյա տղան սեպտեմբերին 12-ին իսկապես բուժօգնություն է ստացել «Արմենիա» բժշկական կենտրոնում: Այդ դեպքում` ինչպե՞ս է ստացվել, որ երեխան չի հաշվառվել հիվանդանոցում: Եվ ինչպես կարող էր բժիշկը օգնություն ցույց տալ «գոյություն չունեցած» հիվանդին:
Լուրջ մտորելու տեղիք է տալիս նաև այն, որ թեև երեխայի ոտքը 20 օրից ավելի գիպսի մեջ է եղել և նա մինչ օրս դժվարությամբ է քայլում, սակայն բժիշկ Գևորգյանը պնդում է, թե նրա մոտ «լուրջ վնասվածք չի եղել»: Այդ դեպքում ինչո՞ւ են մեկ այլ բուժկենտրոնում երեխայի ոտքը գիսպի մեջ դնելու անհրաժեշտություն տեսել:
Իրավապահներն ու Առողջապահության նախարարությունը, թերևս, լուրջ անելիք ունեն պարզելու՝ ինչու՞ հիվանդանոցը չի գրանցել բուժօգնության դիմած քաղաքացուն և ինչ հանգամանքներում է բժիշկը իրավապահներին չդիմելու որոշում կայացրել: