Նոր զարգացումներ՝ «National» հյուրանոցի շուրջ
Advertisement 1000 x 90

Նոր զարգացումներ՝ «National» հյուրանոցի շուրջ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Կոչուբաևը սոցցանցի իր էջում այսպիսի գրառում էր կատարել: «Նասիոնալ հյուրանոցը մասնակի քանդվելու է․․․»:

MAMUL.am-ի թղթակիցը զրուցեց փաստաբանի հետ՝ խնդրելով որոշ մանրամասներ հայտնել գրառման շուրջ: Ինչպես ասաց Կոչուբաևը, խնդիրն այն է, որ հյուրանոցը կառուցվել է հանրային գերակա շահ հայտարարված տարածքում: Հենց այդտեղ սեփականություն՝ անշարժ գույք ու հող է ունեցել իր վստահորդներից մեկը, որին ժամանակին փոխհատուցում չի տրվել: Նրան բռնի վտարել են տարածքից ու հետագայում կառուցել հյուրանոցի շենքը: Սեփականատերն արդեն մահացել է, սակայն նրա ժառանգները որոշել են փոխհատուցման հարցը լուծել իրավական հարթությունում: Ըստ փասատաբանի՝ եկող շաբաթ ինքը հայցը մուտքագրելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարան:

«Հիմա իմ վստահորդի հետ ուզում ենք հստակեցնել՝ ուզում ենք շենքը քանդել, մեր հողը ստանա՞լ, թե՞ գնալ փոխհատուցում պահանջելու ճանապարհով: Իրենց խնդիրը, ըստ էության՝ փոխհատուցումը չէ, սակայն եթե ինչ-որ խելամիտ բան առաջարկվի, կքննարկենք»,- նշեց Ա. Կոչուբաևը:

Ըստ փաստաբանի՝ մինչ այս խնդրի շուրջ բանակցել են հյուրանոցի սեփականատիրոջ ներկայացուցիչների հետ, որոնք ասել են, թե առհասարակ քննարկելու թեմա չունեն: Հիմա արդեն վեճը պետք է հանգուցալուծում ստանա դատարանում:
Իրավաբանորեն հյուրանոցի սեփականատերը Սամվել Բունիաթյանն է: Սակայն այս հյուրանոցը միշտ կապվել է Հովիկ Աբրահամյանի և նրա որդու՝ Արգամի հետ, ինչը չհերքեց նաև Ա. Կոչուբաևը:

«Այո, այդպես է, սակայն ֆորմալ առումով հյուրանոցը պատկանում է «Կլավեր Սիստեմս» ՓԲԸ-ին»,- ասաց փաստաբանը:

mamul.am