Հայաստանը Ռուսաստանի Դաշնության կառավարությունից նվեր է ստացել երրորդ շարժական բուժախտորոշիչ համալիրը:
Առաջին շարժական բուժախտորոշիչ համալիրը Հայաստանը նվեր էր ստացել 2014 թվականի մայիսին՝ Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով 4-րդ համաժողովի ժամանակ, իսկ երկրորդ կլինիկա-լաբորատորիան ստացել էր EECAAC-2016 համաժողովի ժամանակ:
Այս տարիների ընթացքում երկու շարժական լաբորատորիաներում անցկացվել են ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտի հազարավոր հետազոտություններ, իսկ վերջին տարիներին՝ նաեւ սիֆիլիսի: Մեկնելով հեռավոր մարզեր՝ շարժական կլինիկայի մասնագետները տեղի բնակչության շրջանում անցկացնում են անվճար եւ ամբողջությամբ գաղտնի հետազոտություններ, որը սովորաբար զրկված է նման կարգի թեստավորման հասանելիությունից:
Լրագրողների հետ զրույցում ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանը նշեց, որ եթե անցյալում հայերը ամաչում էին անցնել ՄԻԱՎ վարակի թեստավորում, ապա այժմ իրավիճակը զգալիորեն փոխվել է, եւ երբ շարժական կլինիկաները աշխատում են մարզերում կամ Երեւանի տարբեր շրջաններում, դրանց մոտ թեստավորվել ցանկացող մարդկանց հերթ է գոյանում:
Մասնագետը հիշեցրեց, որ այդպիսի թեստավորումների շնորհիվ հաջողվում է հայտնաբերել մեծ թվով ՄԻԱՎ դեպքեր: Բանն այն է, որ ՄԻԱՎ վարակը երկար տարիներ ոչ մի ձեւով չի դրսեւորվում եւ իրեն չի զգացնել չի տալիս, ու դրա մասին իմանալու միակ հնարավորությունը սքրինիգային թեստավորում անցկացնելն է:
Նշենք, որ 1988 թվականից մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3654 դեպք: Նրանցից 2536-ը (69 տոկոս) տղամարդիկ են, 1118-ը (31 տոկոս)՝ կանայք: Եվս 60 դեպք (1.7 տոկոս) գրանցվել է երեխաների շրջանում: Սակայն նշենք, որ Հայաստանը այն սակավաթիվ երկրներից մեկն է, որտեղ հաջողվել է հասնել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման: 2007 թվականից մինչ օրս Հայաստանում ՄԻԱՎ դրական կանայք ծնել են մի քանի հարյուր երեխա, եւ նրանցից ոչ մեկը մորից չի վարակվել (նրանց թվում է նաեւ Նարինեն՝ իր դստեր հետ) այն բանի շնորհիվ, որ երկրում գրեթե բոլոր հղիները ՄԻԱՎ թեստավորում են անցնում, եւ վարակի հայտնաբերման դեպքում ստանում են բուժում ու գրագետ բուժօգնություն, որը կանխում է երեխայի վարակումը: