Salesforce-ը Հայաստանում ներկայացուցչություն կբացի
Advertisement 1000 x 90

Salesforce-ը Հայաստանում ներկայացուցչություն կբացի

Հայաստանում ներկայացուցչություն կբացի «Salesforce»-ը` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանն ասել է «Systronics» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Զարեհ Թութունջյանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Զարեհ Թութունջյանը մանրամասն ներկայացրել է ընկերության գործունեությունը, որն ավելի քան 42 տարվա պատմություն ունի։ Նա նշել է, որ «Systronics»-ը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում, առաջարկում է տեխնոլոգիական ոլորտի համալիր լուծումներ՝ սկսած ծրագրային ապահովման մշակումից մինչև ծրագրերի խորհրդատվական ծառայություններ և IT ենթակառուցվածքների տեղադրում։

Զարեհ Թութունջյանն ընդգծել է, որ ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ «ՍիստրոՏեխ»-ը, գործում է 2001 թվականից, և ամենակարևոր նորությունն այն է, որ իրենց ջանքերի շնորհիվ այս տարվա վերջին Հայաստանում ներկայացուցչություն կբացի «Salesforce»-ը, որ աշխարհի թիվ 1 CRM հարթակն է։

Ընկերության ղեկավարը նաև անդրադարձել է տվյալ հարթակում համապատասխան կադրեր կրթելու խնդրին։ Նա նշել է, որ աշխատատեղերը համալրում են Երևանի պետական համալսարանի ու Ամերիկյան համալսարանի ուսանողներով, բայց մասնագետների խնդիրը միշտ արդիական է։

Նախարար Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով հանգամանալից ներկայացման համար, անդրադարձել է Հայաստանի  ինժեներական մեծ ներուժին և հաջողություններին, միևնույն ժամանակ նաև նշել է, որ բիզնես խորհրդատվական ծառայությունների հարթակում դեռևս անելիքներ կան, և բացը լրացնելու համար արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվում։

Նախարարը նշել է, որ  հաջորդ տարվա համար տեխնոլոգիական բուհերում նախատեսվում են այս ուղղությամբ վերապատրաստման ծրագրեր իրականացնել։ Հակոբ Արշակյանը Զարեհ Թութունջյանին առաջարկել է երկկողմ համագործակցություն իրականացնել, որի շրջանակներում «Systronics»-ի գործունեության ուղղություններով նրանց մասնագետները դասընթացներ կանցկացնեն, ինչն էլ հնարավորություն կտա որակյալ կադրեր պատրաստել։

Զարեհ Թութունջյանը պարաստակամություն է հայտնել օժանդակելու այդ ծրագրի իրականացմանը։

vnews.am