«Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 16-20-ն անցկացված համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել է 1 340 000 եվրո նվիրատվություն և նվիրատվության խոստում:
Այս մասին տեղեկացնում է հիմնադրամը: Նախորդ տարվա համեմատ գրանցելով հանգանակությունների մեկ տոկոս աճ՝ այս տարվա դրամահավաք-միջոցառումը նաև շուրջ 1700 նոր նվիրատու է ներգրավել: Հեռախոսամարաթոնին, ինչպես միշտ, մասնակցել են Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի և Հունաստանի տեղական մարմինները: Շուրջ 700 կամավորներ 4-օրյա դրամահավաքի ընթացքում զանգահարել են եվրոպաբնակ 46 000 հայ ընտանիքների և կազմակերպությունների՝ հորդորելով սատարել մեր հայրենակիցներ ին: Դրամահավաքի հասույթը, մասնավորապես, կուղղվի ապրիլյան ռազմական գործողությունների հետևանքով Արցախի առավել տուժած համայնքների վերականգնմանը, սիրիահայերի և իրաքահայերի օգնությանը, Հայաստանի Տավուշի մարզի շուրջ 15 համայնքներում իրագործվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը:
Հունաստանի տեղական մարմնի հավաքած գումարներն այս տարի ևս կուղղվեն Արցախի Քարին տակ համայնքում մանկապարտեզի կառուցմանը: Հիմնադրամի ամենամյա դրամահավաքների շարքը կեզրափակեն Բրազիլիայի տեղական մարմնի նոյեմբերի 26-27-ն անցկացնելիք հեռախոսամարաթոնը և դեկտեմբերի 7-ին տեղի ունենալիք Լիբանանի տեղական մարմնի ռադիոթոնը: Իսկ տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը «Հեռուստամարաթոն 2016»-ը, կկայանա նոյեմբերի 24-ին: