Անկախությունից հետո Հայաստանի քաղաքական դաշտն ու պետական կառավարման համակարգն ականապատվել են։
Այդ ականներն են.
1. Ուշացած և նոմենկլատուրային սեփականաշնորհումը, որը դրեց կլանաօլիգարխիկ համակարգի հիմքը (Հայաստանում մշտապես առկա է սեփականության լեգիտիմության ճգնաժամ և սեփականության վերաբաշխման սցենար, իսկ դրանք քաղաքական պայքարը ցնցումային են դարձնում)։
2. 1995–ի խորհրդարանական ընտրություններից սկիզբ առած (իշխանության յուրացում) ու 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ (սահմանադրական կարգի տապալում) կատարելագործված ընտրակեղծիքների համակարգը, որն իր կնիքը դրեց հետագա բոլոր ընտրական գործընթացների, այդ թվում՝ 2018–ի դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա։
3. 1995–ին բացահայտ կեղծիքներով պարտադրված Սահմանադրություն։
4. 1999թ. հոկտեմբերի 27–ի դեպքերը (1995թ. Սահմանադրությունը և 1996–ի սահմանադրական կարգի տապալումը «լեգիտիմ» հիմքեր էին ստեղծել այդ ահաբեկչության համար)։
5. 2008թ. մարտի 1–ի դեպքերը։ 1998թ. իշխանափոխությունից հետո պետությունն ականապատածներին իրավական ու քաղաքական գնահատականի չարժանացնելը և պետական կոդերի քարոզչության անտեսումը 10 տարի անց հանգեցրեցին ողբերգական դեպքերի: Հակապետությունն ի վերջո գլուխ բարձրացրեց 2018–ին, իսկ դրա պատճառը նախորդող 10 տարիների ընթացքում քաղաքական կյանքի առևտրականացումն էր և քաղաքացուն բնակչի վերածելու գործընթացը։
6. 2015թ. Սահմանադրությունը։ Կուսակցական ու տնտեսական համակարգերի չկայացվածության պայմաններում խորհրդարանական կառավարման ներկա մոդելը մշտական անկայունության ու ցնցումների աղբյուր է։ Ցմահ իշխանավարման հայտը պարզապես կատալիզատորի ֆունկցիա կատարեց և ընդամենն առիթ էր, որպեսզի սեփականաշնորհված բնակիչը սկզբում ըմբոստանա, իսկ հետո դառնա խաղալիք ներսի ու դրսի ձեռքերում։ Մերժման պատճառները շատ ավելի հիմնավոր էին։ Նիհիլիզմը պետությանն էր վերաբերում։
* * *
Մեր անելիքը
———
Հայաստանի տակ դրված մեծագույն ական է ՀՀ քաղաքացու օտարումը պետությունից։ Սա միգուցե ոչ շոշափելի երևույթ է, բայց հիմնարար խնդիրներ է առաջացնում։
Այդ օտարումն էր, որ նախորդ տարի, ըստ էության, հանգեցրեց ամեն ինչի մերժման ու իշխանության բերեց կատարյալ դատարկության։
Օտարված քաղաքացին դատարկությունը նախընտրեց պետությունից և մեղավորը քաղաքացին չէ, այլ օտարող քաղաքական վերնախավն՝ իր իշխանական ու ընդդիմադիր դրսևորումներով։
Հայաստանն ականապատված է։ Այդ ականապատումը կրկնակի վտանգավոր է դառնում, երբ դրանից օգտվում են մեր թշնամիները։
Հայաստանի քաղաքական թիվ մեկ օրակարգն, ըստ այդմ, պետք է լինի մեր երկրի ականազերծումը։ Դա կարող է անել միայն նոր՝ Հայաստանի համար այլընտրանք առաջարկող իշխանությունը, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական ու քաղաքական պատասխանատվություն, կօգտագործի հնի դրականը, կհամադրի փորձը և երիտասարդությունը, իրապես կառաջնորդվի արժանավորների իշխանության սկզբունքով, կառաջարկի ներկա վիճակից դուրս գալու լուծումները և կտա ապագայի տեսլականը։
Հայաստանի նոր իշխանությունը պետք է պետությունը վերադարձնի քաղաքացուն։
Մենք Թուրքիային ու Ադրբեջանին զիջելու երկիր չունենք։
Ես իմ ուժերի ներածին չափով անելու եմ ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք նոր որակի Հայաստան։ Կա՛մ իրենք մեզ, կա՛մ մենք իրենց։
Տնտեսագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից: