ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hոկտեմբերի 27-ին, ժամը 08:55-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում՝ ավտոմեքենայում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենայի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) գազաբալոնային համակարգը խողովակով միացվել է կենցաղային գազի բալոնին, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Տան բնակիչները՝ Նորիկ Մ.-ն (ծնված 1958 թ.) և Վարդուհի Գ.-ն (ծնված 1958 թ.), տեղում մահացել են, իսկ վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Այնուհետև տուժածը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ:
Պայթյունի հետևանքով վնասվել է «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենան, փլուզվել՝ տան քարե ցանկապատի մոտ 2 քմ հատվածը, ինչպես նաև կոտրվել են տան պատուհանները. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:
Փրկարարները հոսանքազրկել են «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Լուսանկարները՝ shamshyan.com